Հասարակություն

Ոստիկանության կոչումն առաջին հերթին քաղաքացուն պաշտպանելն է

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Ոստիկանության կոչումն առաջին հերթին քաղաքացուն պաշտպանելն է: Այս առաքելությունը լիարժեք իրականացնելու համար անհրաժեշտ են որոշակի կառուցվածքային փոփոխություններ: Այս եզրահանգումը կատարել է Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւյան կենտրոնի «նորանկախ երկրների ծրագրի» ղեկավար Իդեն Քոլը: Ոստիկանության նկատմամբ խորհրդարանական վերահսկողության խնդիրներն են այսօր քննարկվել Երեւանում անցկացված միջազգային համաժողովում, որին մասնակցել են միջազգային փորձագետներ, հայ խորհրդարանականներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ: 

Վերջին տարիներին Հայաստանի ոստիկանության համակարգում իրականացվել են շոշափելի փոփոխություններ: Միջազգային սեմինարի խնդիրը դրանց արդյունավետության քննարկումն էր եւ առկա բացերի ու հետագա անելիքների մասին մտքերի փոխանակությունը` միջազգային լավագույն փորձի դիտարկումներով: Առանցքային խնդիրներից մեկն էլ ոստիկանության խորհրդարանական վերահսկողության արդյունավետության բարձրացումն է:

Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի խոսքով` ներկայումս ձեւավորված է համապատասխան օրենսդրական դաշտ, սակայն, վերահսկողության ամբողջական մեխանիզմները չի կարելի շատ արդյունավետ համարել:

«Այդ տեսանկյունից շատ կարեւոր է, որ միջազգային փորձագետների հետ քննարկումների արդյունքում գտնենք նաեւ այնպիսի լուծումներ, որոնք կարող են նաեւ օրենսդրական փոփոխությունների տեսքով ներկայացվել»:

Գործող օրենքով նախատեսվում է ընդամենը, որ Սահմանադրությամբ ամրագրված դեպքերում խորհրդարանը վերահսկողություն է իրականացնում ոստիկանության նկատմամբ: Սակայն նման դեպքերը խիստ սահմանափակ են եւ, ըստ պատգամավորի, անհրաժեշտություն կա, որ խորհրդարանական վերահսկողության առավել հստակ մեխանիզմներ ու ընթացակարգեր ամրագրվեն:

Հրավիրված միջազգային փորձագետները ներկայացրին ոստիկանության նկատմամբ խորհրդարանական վերահսկողության իրականացման ժամանակակից սահմանադրական եւ իրավական լիազորություններն ու կառուցվածքները, գոյություն ունեցող ավանդույթները: Ոլորտում ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի «նորանկախ երկրների ծրագրի» ղեկավար Իդեն Քոլը եւ լոնդոնցի պրոֆեսոր Թիմաթի Փարսոնսը, խոսելով ոստիկանության կառավարման եւ ոստիկանության նկատմամբ քաղաքական ու հասարակական վերահսկողություն իրականացնելու խնդիրների ու միջազգային փորձի մասին` շեշտեցին, որ ոստիկանությունն առաջին հերթին կոչված է քաղաքացուն պաշտպանելուն: Թիմաթի Փարսոնսն էլ նկատեց, որ դրա լիարժեք իրականացման համար անհրաժեշտ են որոշակի կառուցվածքային փոփոխություններ, մասնավորապես, ըստ փորձագետի, ոստիկանությանը անհրաժեշտ է տալ համայնքային պատկանելություն:

Փորձագետը կարծում է, որ պետք է վերանալ այն համակարգից, որտեղ ամեն ինչում ոստիկանը հայցում է վերադասի թույտվությունը: Մինչդեռ, նրա կարծիքով, կրտսեր հրամանատարական կազմը պետք է իրավասու լինի տեղում որոշումներ ընդունելու:
Թեմայի շուրջ վաղը տեղի կունենան խորհրդարանական լսումներ, որտեղ անդրադարձ կկատարվի նաեւ ոստիկանության հաշվետվողականության խնդիրներին:

Back to top button