Մշակույթ

Հաճախ ենք որեւէ հուշարձանի կորստի ականատեսը դառնում

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Անթույլատրելի և դատապարտելի է սրբավայրերի շրջակայքում նման միջոցառումների անցկացումը, դա սրբապղծություն է` անդրադառնալով վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրած և հանրության զայրույթն առաջացրած պատմամշակութային հուշարձանների մոտակայքում խնջույքների կազմակերպմանը, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց գրականագետ Դավիթ Գասպարյանը։

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը խնջույքի պահին հուշարձանի տարածքում չի եղել: Խնջույքի մասին էլ տեղեկացել է համացանցում տարածված լուսանկարներից: Այդուհանդերձ՝ նա ևս դատապարտում է տեղի ունեցածն ու ընդգծում, որ յուրաքանչյուր հուշարձան պետք է ունենա իր պահպանման գոտին և օգտագործման կարգը։

Սաշուր Քալաշյանը նկատեց, որ վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ ենք ականատեսը դառնում որևէ հուշարձանի կորստին, կամ դրա հանդեպ անհարգալից վերաբերմունքին: Իսկ ամենացավալին այն է, որ դրա մասին սկսում ենք խոսել, երբ արդեն ոչինչ հնարավոր չէ անել: Գրականագետ Դավիթ Գասպարյանն էլ նկատեց, որ Երևանում ամեն ինչ քանդվել ու ոչնչացվել է։

Մենք պետք է պահպանենք ու փրկենք անցյալի արժեքները և ոչ թե հակառակը, ընդգծեց գրականագետը, նշելով, որ մտավորականը կարող է միայն կարծիք հայտնել, կոնկրետ գործողություններով կարող են զբաղվել միայն պատկան մարմինները` պետական վերահսկողությամբ:

Back to top button