Հասարակություն

Գառնիում ոչ թե «խնջույք» էր, այլ՝ պաշտոնական ընդունելություն. պարզաբանում է ԿԲ- ն

Վերջին օրերում սոցցանցերում և մամուլում տարբեր անդրադարձներ են կատարվել մշակութային կոթողներում կայացած միջոցառումներին, որոնց թվում հիշատակվել է նաև հունիսի 18-ին Գառնու հեթանոսական տաճարի տարածքում Հայաստանում Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի գումարված տարեկան 8-րդ ժողովի շրջանակում կազմակերպված մշակութային ծրագիրը, ինչը թյուրիմացաբար ներկայացվել է որպես «խնջույք» կամ «ԿԲ կորպորատիվ միջոցառում»:

ՀՀ կենտրոնական բանկը հարկ է համարում նշել, որ վերջինս «խնջույք» կամ «ԿԲ կորպորատիվ միջոցառում» չի եղել, այլ ՀԵԵՀ տարեկան ժողովի առիթով կենտրոնական բանկի և հիմնադրամի կողմից համատեղ կազմակերպված պաշտոնական ընդունելություն՝ հագեցած մշակութային ծրագրով՝ հնարավորություն ընձեռելով միջոցառման շրջանակում Հայաստան ժամանած բազմաթիվ օտարերկրացիներին հաղորդակից լինել նաև մեր պատմամշակութային ժառանգության գոհարներից մեկին ու վայելել բարձրարժեք երաժշտական երեկո:

Ըստ ԿԲ հաղորդագրության՝ ընդունելությանը մասնակցել են տարածաշրջանի 18 երկրներից ավելի քան 300 պատվիրակ, որոնց թվում եղել են հիմնադրամի անդամ երկրների պետական եւ ֆինանսական հաստատությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ: Ընդունելության ընթացքում կազմակերպիչների կողմից խստորեն պահպանվել են նման միջոցառումների նկատմամբ ՀՀ մշակույթի նախարարության և ,Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայությունե ՊՈԱԿ-ի կողմից ներկայացվող բոլոր պահանջները:

Գառնու հեթանոսական տաճարի շենքը և արգելոցի տարածքում պատմա-մշակութային արժեք ներկայացնող որևէ այլ կառույց չի օգտագործվել միջոցառման ժամանակ: Շարժական բեմը, ինչպես նաև ընդունելության համար անհրաժեշտ սեղանները հավաքվել և տեղադրվել են տաճարի մերձակա սալապատված ազատ հարթակում և միջոցառումից հետո անմիջապես ապամոնտաժվել են: ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները և ԿԲ անվտանգության աշխատակիցները տարածքում ապահովել են կարգուկանոնը, իսկ միջոցառման ավարտից հետո ամբողջ տարածքը մաքրվել է:

Տաճարի տարածքը այցելուների հոսքը դադարեցվել է ժ. 17:00-ից: Իսկ մինչ այդ ողջ օրվա ընթացքում զբոսաշրջիկները ազատ կարողացել են մուտք գործել տարածք, հայտնում են ԿԲ- ից։

Back to top button