ԿարևորՔաղաքական

ԱԺ արտահերթը քվորումը ապահովեց մի կերպ. ընդդիմությունը գերադասել էր չգրանցվել

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Այսօր խորհրդարանում մթնոլորտը թեժ էր: Հանրապետական խմբակցությունը աշխատավայր էր «բերման ենթարկում» իր բացակայող պատգամավորներին: Իսկ ընդդիմադիրները ցնծում էին, քանի որ բոյկոտով ակնհայտ ցույց տվեցին, որ խորհրդարանական մեծամասնությունն աստիճանաբար զիջում է իր դիրքերը: Մեծամասնությունն այսօր չէր կարողանում ապահովել քվորում: Չնայած սրան՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ներկայացմամբ` անհանգստանալ պետք չէ: Ստեղծված իրավիճակը նա բացատրեց տեխնիկական խնդիրներով: Արտահերթ նիստերը սկսվում են ժամը 11-ին, իսկ օրինակ` գործուղման մեջ գտնվող պատգամավորները գիտեն, որ սովորաբար պետք է խորհրդարան գան 12-ի մոտ։

Ընդդիմադիրների բոյկոտով այսօր առավոտյան խաթարվեց ԱԺ բնականոն աշխատանքը: Ընդդիմադիրները սկզբունքորեն չգրանցվեցին, իսկ հանրապետական խմբակցությունը չկարողացավ ապահովել անհրաժեշտ 66 պատգամավորի ներկայությունը: Սկզբում գրանցվեց 62 պատգամավոր, վերագրանցումից հետո` 63: Նիստը` չսկսած դադարեցվեց, մինչեւ խորհրդարան կգային բացակայող պատգամավորները: Հույսը միայն ՀՀԿ- ական պատգամավորների վրա էր, քանի որ ընդդիմադիրներն ունեին պայմանավորվածություն եւ նպատակ։ «Ի նշան բողոքի այն գործելակերպի դեմ, որը ցույց տվեց հանրապետական մեծամասնությունը այս ակցիան արեցինք։ Այն, ինչ իրենք անում են, անարգանք է ԱԺ- ի եւ հանրության նկատմամբ: Չի կարելի տասնյակ լուրջ օրենքներ բերել առանց անգամ պատգամավորներին հնարավորություն տալու ծանոթանալ այդ ծավալուն փաստաթղթերին: Հիմա, թե գնալու են «քերեն» իրենց պատգամավորներին` թող անեն»,- ասում է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։

Ընդդիմադիր գործընկերոջ բնութագրի հետ համաձայն չէ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Շատ պատգամավորներ չէին հասցրել գալ 11-ին, քանի որ սովորեր են, որ 12-ին պետք է գան: Ռեժիմը այսպես է. արդեն 64 պատգամավոր գրանցվել է, Կորյուն Նահապետյանը եկավ` 65, մեկ- երկու պատգամավոր էլ կգան եւ կշարունակենք մեր աշխատանքները: Որեւէ խնդիր ես չեմ տեսնում»։

Նույնիսկ գործուղումից նոր վերադարձած պատգամավորներին ԱԺ- ով կանչելով՝ ՀՀԿ- ն միեւնույնն է՝ խնդիրը չլուծեց: Ստացվեց այնպես, որ այսօր քվորումը «փրկեց» «Ժառանգության» ցուցակով ընտրված «Ազատ դեմոկրոտներ» կուսակցության հիմնադիր Խաչատուր Քոքոբելյանը, ով գրանցված 66-րդ պատգամավորն էր: Ինչը թույլ տվեց խորհրդարանին անցնել աշխատանքի։

Հատկանշանակ է, որ ընդդիմադիր քառյակի բոյկոտին միացել էր նաեւ «Օրինաց երկիր» խմբակցությունը: ՀԱԿ- ից Լեւոն Զուրաբյանը եւ ՕԵԿ-ից Մհեր Շահգելդյանը նշեցին՝ սրանով քառյակը հնգյակի չի վերածվում։ «Սա նաեւ քաղաքական համերաշխության արտահայտություն էր: Մեզ դիմել էին տարբեր խմբակցություններից այդ համերաշխ գործողությունների հետ կապված: Համագործակցության տարբեր ուղղություններ կան։ ՕԵԿ-ը գնում է իր քաղաքական օրակարգով եւ իր մոտեցումներով, սակայն, միաժամանակ, կան նաեւ համագործակցության դեպքեր եւ ուղղություններ, բազմաթիվ դեպքերում, այո, մեր դիրքորոշումները համընկնում են»,- ասաց Մհեր Շահգելդյանը։

Ի դեպ՝ այսօր ԱԺ-ում «մեծ պահանջարկ» ուներ Կորյուն Նահապետյանը, ով նոր է վերադարցել Բաքվից: Հիշեցնենք. հայկական պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Roos Roth սեմինարին, որի ընթացքում եղել են բազմաթիվ ընդհարումներ` ԼՂ հակամարտության խնդրի հետ կապված: Պատգամավորը գոհ էր անվտանգության ապահովման մակարդակից, նույնիսկ կարողացել են շրջել Բաքվում, բայց սեմինարի կազմակերպման մակարդակից գոհ չէր, թեեւ հայկական պատվիրակությունը կարողացել է բարձրաձայնել հայկական կողմի մոտեցումները։

«Սեր պատվիրակությունը շատ հստակ ձեւակերպեց, որ ագրեսորը Ադրբեջանն է: Ագրեսիա է իրականացրել ԼՂ ժողովրդի նկատմամբ, եւ իրենց սանձազերծած պատերազմի արդյունքում իրենք կրել են պարտություն: Պետք է ԼՂ ժողովրդի հետ նստեն բանակցությունների սեղանի շուրջ, եւ ԼՂՀ-ն պետք է լինի բանակցային հիմնական կողմը: Միայն այդ ճանապարհով է հնարավոր հասնել հարատեւ խաղաղության: Մենք, հրավիրեեցինք ՆԱՏՕ ԽՎ մեր գործընկերներին,  նաեւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությանը, մասնակցել հաջորդ տարի Երեւանում կայանալիք սեմինարին, եւ կարծում եմ՝ բավարար պայմաններ կստեղծենք, որպեսզի առավել կառուցողական քննարկումներ ծավալվեն այստեղ, ինչը բացակայում էր Բաքվում»։

Խորհրդարանական անցուդարձի մեկ այլ լուր վերաբերում է Էներգետիկ ոլորտում սպասվող թանկացումներին: «Գազի» ժամանակավոր հանձնաժողովում ՕԵԿ ներկայացուցիչ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը երկու օր առաջ հանձնաժողովին առաջարկել է սպասվող թանկացումների հարցով դիմել դատարան, «որպեսզի մենք կարողանանք դատարանին ներկայացնել փաստարկները կառավարման արդյունավետության` այնտեղ, բնականաբար, կներկայացնենք այն 14 տոկոսի շահույթը, որը կա։ Ի՞նչն է պատճառը, որ եթե ճեղքվածք կա 14։ թող դառնա 4 տոկոս: Ինչու պետք է սպառողը վճարի կամ թող կորուստները նվազեցնեն»։

Մեկ այլ աղմկահարույց հարց ԱԺ ամբիոնից բարձրացրեց պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ տնտեսական բնույթի հարցի քննարկման ժամանակ: Խոսքը Գառնի հեթանոսական տաճար մուտք գործելու որոշակի արգելքի մասին է: Հունիսի 13-ին պատգամավորն անձամբ բախվել է այդ արգելքին, երբ արտերկրից ժամանած իր հյուրերին տարել էր ծանոթացնելու մեր պատմամշակութային արժեքներին։ «Մասնավոր պահնորդական ծառայության ներկայացուցիչները մոտենում են եւ ասում, որ չեք կարող մուտք գործել Գառնու հեթանոսական տաճար, քանի որ այն փակ է: Պարզվում է՝ մասնավոր ինչ- որ կազմակերպություն վարձակալել է տաճարը եւ այնտեղ անցկացնում է բանկետ: Եթե անգամ մեր պետական միջոցները այնքան սուղ են, որ խնդիր ունենք պետական հոգածության ներքո գտնվող պատմամշակութային համաշխարհային ժառանգությսն նշանակություն ունեցող հուշակոթողների պահպանության հարցերը կարգավորել, դա երբեք չի նշանակում, որ այդ հուշակոթողները պետք է վարձով տրամադրվեն ինչ- որ մասնավոր մարդկանց»։

 

Back to top button