ԿարևորՄիջազգային

Մոսկվան դրական կարձագանքի Եվրասիական միությանն Ադրբեջանի անդամակցությանը

Մոսկվան դրական կարձագանքի Եվրասիական տնտեսական միությանն Ադրբեջանի, կամ որևէ այլ երկրի անդամակցությանը, Բաքվում այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Ադրբեջանին միությանն անդամակցելու պաշտոնական առաջարկ չի արվել, սակայն Եվրասիական միությունը բաց է մեր գործընկերների համար»,- ասել է Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ Եվրասիական միությունը որևէ կապ չունի ղարաբաղյան հակամարտության հետ: Նրա խոսքով, Եվրասիական տնտեսական միությունը ստեղծել են Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը: Շուտով կառույցին կմիանա նաև Հայաստանը: «Ղարաբաղը միջազգային բանակցությունների առարկա է: Հակամարտությունը պետք է կարգավորվի  միջազգային սկզբունքների հիման վրա: Հայաստանը հայտարարել է, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցել է միջազգայնորեն ճանաչված սահմաններով: Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը կանդամակցի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Լավրով- Մամեդյարով հանդիպման առանցքային թեման ԼՂ խնդիրն էր
Որքան շուտ Բաքուն ու Երևանը գործնական համաձայնություն ձեռք բերեն ղարաբաղյան հակամարտության շուրջ, այնքան լավ կլինի և Ադրբեջանի, և Հայաստանի, և ողջ տարածաշրջանի համար՝  ղարաբաղյան խնդրին անդրադառնալով ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։ Արցախյան հակամարտությունը եղել է  Լավրով- Մամեդյարով առանձնազրույցի առանցքային թեման։ «Մենք քննարկել ենք, թե ինչպես մեռյալ կետից շարժել հակամարտության կարգավորման գործընթացը»,- հանդիպումից հետո ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։

«Ֆրանսիայի նախագահը հանդես էր եկել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների  հանդիպում կազմակերպելու առաջարկով: Այս պահին մենք Ֆրանսուա Օլանդից սպասում ենք հանդիպման հետ կապված ավելի կոնկրետ առաջարկ»,- ասել է Էլմար Մամեդյարովը:

Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է
Կրկին անդրադառնալով Ռուսաստանի արտգործնախարարի Բաքու այցին հայտնենք, որ օրակարգում են եղել նաև երկկողմ հարաբերությունները: Լավրովը հայտարարել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, փոխգործակցությունը բազմաշերտ է և տարբեր ոլորտներում: Կողմերը քննարկել են նաև Աստրախանում կայանալիք Կասպայն գագաթաժողովի նախապատրաստման աշխատանքները և ընդգծել համագործակցության անհրաժեշտությունը միջազգային կառույցներում:

Back to top button