Վերլուծական

Մինչեւ հուլիսի 1- ը կստորագրի՞ Հայաստանը ԵՏՄ անդամակցության պայմանագիրը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Մինչև հուլիսի 1- ը Հայաստանը կստորագրի Եվրասիական միությանն անդամակցության պայմանագիրը, եթե Ադրբեջանի հետ կապված որևէ խնդիր չծագի»,- այսօր ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ ավելացնելով, որ այս հարցում շատ հարցեր կախված են Ալիև-Լավրով հանդիպումից։

«Եթե Ադրբեջանը անդամակցի Եվրասիական միությանը, մենք կստանանք այն, ինչ տարիներ շարունակ ցանկացել, բայց չենք ունեցել. դա ընդհանուր սահմանն է: Ադրբեջանը ստիպված կլինի բացել բոլոր ճանապարհները դեպի Եվրասիական տնտեսական միություն»,- ասում է «Նոր ժամանակներ»- ի նախագահը, ում համոզմամբ, սակայն, Ադրբեջանի անդամակցությունը գրեթե անհավանական է:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մինչև սեպտեմբեր, ըստ նրա, հարցը լուծված կլինի։ «Անդամակցությունը Եվրասիական միությանը մեզ կտա անվտանգության նոր երաշխիքներ: Հայաստանի տնտեսական զարգացման առումով ևս այս միությունն այլընտրանք չունի»,- համոզված է Արամ Կարապետյանը: Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ մտահոգություներին Կարապետյանի արձագանքը հստակ է. «Ռուսաստանը Հայաստանի կամ Արցախի հաշվին Ադրբեջանի հետ որևէ գործողություն չի անում»։

Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության ժամկետների վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի ու ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի տեսակետները համընկնում են այնքանով, որ այդ ժամկետը խիստ անորոշ է։ Ստյոպա Սաֆարյանի համոզմամբ՝ Ռուսատանը կասեցրել է Հայաստանի անդամակցություը Եվրասիական միությանը մինչև Ադրբեջանի հետ հարաբերությունների հստակեցումը։

Այն, որ Ռուսաստանը կասեցրել է Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը, հանրապետական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի ձևակերպամամբ, հետաքիքիր նորոթյուն էր, որի հետ համաձայն չէ: Նրա համոզմամբ՝ խնդիրը զուտ տեխնիկական է, հարցի լուծումը ժամանակ է պահանջում։ «Ընդհակառակը՝ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի անդամակցությամբ, ինչպես և մենք ենք շահագրգռված»,- ասում է Մարտիրոսյանը՝ Սաֆարյանին հորդորելով այդքան հոռետես չլինել։

Եվ որպես փորձագետ, և որպես քաղաքական գործիչ Ստեփան Սաֆարյանը ևս չի հավատում, որ Ադրբեջանը կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը: «Արևմուտքը դա թույլ չի տա, բայց Ռուսաստանը կփորձի ստանալ այս պահի դրությամբ իր առջև դրված հարցերի լուծումը»,- ասում է ժառանգական գործիչը:  Ըստ Սաֆարյանի՝ մեկ բան գոնե ակնհայտ է՝ Ռուսատանի գերխնդիրը տարածաշրջանում՝ Կովկասը պահելն է, իսկ այդ հարցում Լեռնային Ղարաբաղը չափազանց լուրջ գործոն է։

Back to top button