Հասարակություն

ՀԿԵ -ում այսօր շահագործման է հանձնվել վերազինված երկու արտադրական հանգույց

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հարավկովկասյան երկաթուղում այսօր շահագործման է հանձնվել վերազինված երկու արտադրական հանգույց: Սանահինի մեխանիզացված ուղեմասն ու Երեւանում գտնվող Ուսուցման ճանապարհային կենտրոնն իր նոր ուսումնատեխնիկական հրապարակով:  Հանգույցների հանդիսավոր բացման արարողություններ են միաժամանակ տեղի ունեցել Սանահինում եւ Երեւանում:

Երկաթուղայինի մասնագիտությունն ընտրողներն այսուհետ մասնագիտության նրբությունները գործնականորեն առավել դյուրին կարող են յուրացնել Երեւանում գտնվող Ուսուցման ճանապարհային կենտրոնում, որտեղ ստեղծվել է նաեւ նոր ուսումնատեխնիկական հրապարակ: Ուսուցման գծով հրահանգիչ Խաչատուր Մեղրիկյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց ուսումնատեխնիկական հրապարակի հնարավորությունները: Երկաթուղայինի պատասխանատու մասնագիտությունը սերտողներն այստեղ կարող են գործնականորեն շփվել ու պատկերացում կազմել իրենց ընտրած մասնագիտության բոլոր կողմերի վերաբերյալ:

Հարավկովկասյան երկաթուղին շարունակում է աշխատել եւ զարգանալ` արձանագրեց Ռուսական երկաթուղիներ ընկերության ղեկավար Վլադիմիր Յակունինը: Նրա փոխանցմամբ` չնայած տնտեսական դժվար պայմանների, երկաթուղին տարին փակել է շահույթով, թեպետ` ոչ մեծ ծավալի: Դա վկայում է, որ կառույցն աշխատել է բավականին արդյունավետ:

«Լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել»,- շեշտեց Վլադիմիր Յակունինը` որպես Հարավկովկասյան երկաթուղու զարգացման լավագույն ապացույց մատնանշելով շահագործման հանձնված երկու վերազինված հանգույցները: Սանահինի նոր վերազինված ԴԵՊՈ-ի բացման արարողությանը Երեւանում հետեւեցինք հեռատեսակապի միջոցով: Սանահինում տարիներ առաջ կասկածներ կային` անկեղծացավ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Հարավկովկասյան երկաթուղին անցած շրջանում ներդրել է ավելի քան 91 մլրդ դրամ, որի առյուծի բաժինը` ենթակառուցվածքների արդիականացման եւ զարգացման համար: Այս եւ հետագա ծրագրերի մասին խոսվել է նաեւ նախագահ Սարգսյանի հետ:

Յակունինի փոխանցմամբ` նախագահը նոր խնդիրներ է առաջադրել` ոչ սովորական տնտեսական եւ առավել եւս` ոչ սովորական քաղաքական պայմաններում, Հարավկովկասյան երկաթուղու հետագա զարգացումն ապահովելու համար:
Երկաթուղու զարգացման քաղաքական, տնտեսական եւ սոցիալական նշանակության կարեւորությունն էր ընդգծվել մեր երկրի Կապի եւ տրանսպորտի նախարարի գրությամբ, որն ընթերցեց փոխնախարար Վարդան Առաքելյանը: Նախարարը նկատել էր նաեւ, որ երկաթուղու դերն առավել կարեւորվում է Հայաստանի` Մաքսային Միության անդամ դառնալու պարագայում:

Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն իր հերթին նկատեց, որ այս ոլորտում ընդհանուր ներդրումները տպավորիչ են եւ դրանով բնութագրվում է բոլոր ուղղություններով երկու երկրների ռազմավարական գործընկերությունը:

Back to top button