Հասարակություն

Էներգետիկ համակարգի գործունեությունն անարդյունավետ է, ասում են հասարակական գործիչները

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չունի կանխատեսելի սակագնային քաղաքականություն, սպառողը չգիտի, թե մեկ տարի հետո այս կամ այն սակագինը բարձրանալո՞ւ է, թե՞ ոչ, այսօր էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման թեմայի շուրջ կազմակերպված քննարկման ժամանակ ասել է «Հասարակական պաշտպանների միության» ղեկավար Արամ Գրիգորյանը: Քննարկմանը մասնակցել են հասարակական կառույցների ներկայացուցիչներ, անհատներ, ովքեր թեման քննարկել են սպառողների ու նրանց շահերի պաշտպանության տեսանկյունից: Քննարկման մասնակիցների կարծիքով ՝ էլեկտաէներգիայի սակագնի բարձրացման հիմնավորումները համոզիչ չեն, և սակագնի փոփոխությունն այդ հիմնավորումներով անթույլատրելի է։ 

Չթանկացնել էլեկտրաէներգիան, ունենալ կանխատեսելի սակագնային քաղաքականության՝ Էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացմանն ընդդիմացող քաղաքացիական նախաձեռնության անդամներն այս պահանջներով երկուշաբթի կեսօրին բողոքի ցույց կկազմակերպեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց: Նրանց կարծիքով ՝ այն հիմնավորումները, որոնք ներկայացրել է հանձնաժողովը սակագնի բարձրացման օգտին, առնվազն համոզիչ չեն։

Հասարակական պաշտպանների միության ղեկավար Արամ Գրիգորյանը ամենալուրջ խնդիրը համարում է այն, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չունի սակագների ձևավորմնան քաղաքականություն, իսկ դա սպառողի համար անկանխատեսելի է դարձնում հեռանկարը։ «Մենք չգիտենք վեց ամիս, մեկ տարի հետո ինչ է լինելու, բայց հանձնաժողովը պետք է կանխատեսելի քաղաքականություն վարի, որ ՀՀ քաղաքացին իմանա՝ 1 տարի հետո սակագնային փոփոխություններ սպասվում ե՞ն»։

Հասարակական պաշտպանների միության ղեկավարին զարմացրել է հանձնաժողովի այն մեկնաբանությունը, թե անցյալ տարի հայտնի չէր, որ Երանի ՋԷԿ-ը պետք է այս տարվանից վարկերի մարում սկսի։ Սա, հիշեցնեմ, սակագնի բարձրացումը հիմնավորող փաստարկներից մեկն է: Նշվում է, որ Երեւանի ՋԷԿ-ում ֆինանսական ճեղքվածքի առաջացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2014-ին ավարտվում է էներգաբլոկի կառուցման նպատակով ներգրավված ճապոնական վարկի մարման արտոնյալ ժամկետը, եւ սկսվում է մայր գումարի մարման փուլը։

Մյուս հիմնավորումն էլ բաշխիչ ցանցերի կուտակած պարտքերն են, որոնք ձևավորվել են վերանորոգումից հետո Ատոմակայանի՝ նախատեսվածից 88 օր ուշ վերագործարկվելու հանգամանքով։ «Պարտքի կուտակումը արդարացում չէ թանկացման համար, բաշխիչ ցանցը չի կարող և իրավունք էլ չունի պարտք կուտակել»։

Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցի ղեկավարն էներգետիկ համակարգի գործունեությունն անարդյունավետ է որակում, իսկ որպես հիմնական պատճառ նշում է մրցակցության պակասը: Ընկերությունը ոչ արդյունավետ է կառավարվում, պետությունը փորձում է բացը լրացնել սակագնի բարձրացման ճանապարհով: Այսինքն՝ պատճառները հասկանալու փոխարեն փորձ է արվում լուծել հետևանքները։

«Ես կուզենայի, որ մեր պետությունն այսօր խոսի պատճառների մասին: Ասում են ՝ Ատոմակայանը 88 օր ավելի է կանգնել, բայց չեն ասում՝ ինչու: Ամենահեշտ կառավարման ձևն է՝ ոչինչ չանել, պատճառների մասին չխոսել, հետևանքները վերացնելու համար գնալ մտնել սպառողի գրպանն ու ասել՝ դու պետք է ավելի շատ վճարես»։

Հասարակական պաշտպանների միության ղեկավարը նաև նշում է, որ սակագնի որոշման գործընթացքում պետք է մասնակցություն ունենա նաև սպառողը: Հայաստանում գործող օրենսդրական մեխանիզմներն այս հնարավորությունն առայժմ չեն տալիս, հետևաբար, սպառողը փորձում է իր իրավունքները պաշտպանել` բողոքի ձայն բարձրացնելով։

Back to top button