ԿարևորՀասարակություն

«Դեմ եմ»-ը կշարունակի պայքարը. պահանջը մեկն է՝ կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր նախագծի քննարկումը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամներն այսօր դարձյալ հավաքվել են ԱԺ-ի դիմաց, պահանջելով կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր նախագծի քննարկումը, որը ներկայացվել է խորհրդարան դարձյալ առանց հանրային կարծիքը հաշվի առնելու: Նախաձեռնության անդամներն այսօր հանդիպել են նաև լրագրողների հետ և հայտնել, որ գնալու են մինչև վերջ և շարժումը նոր թափով է շարունակելու պայքարը: Նախաձեռնության անդամները նշել են, որ կառավարության կողմից նման նախագիծ մշակելը մեկ նպատակ ունի՝ որոշ ժամանակով հանգստացնել մասնավոր սեկտորին, քանի որ մինչև 2017 թվականը նրանց վրա օրենքը չի տարածվելու: 

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխություններում կան բազմաթիվ թերացումներ և այն կրկին չի ապահովում կամավորության սկզբունքը: Կառավարությունը ոչ միայն հաշվի չի առել «Դեմ եմ» նախաձեռնության ներկայացրած առաջարկները, այլև առանց քննարկման, առանց հանրային կարծիքը հաշվի առնելու, նոր նախագիծ է մշակել: Դատապարտելով կառավարության այս գործելաոճը` «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ նոր նախագծով ևս անտեսվում է աշխատողի կամքը:

Ներկայացնելով իրենց առաջարկները` նախաձեռնության անդամ Գևորգ Գորգիսյանը նշեց, որ վարչապետը խոստացել էր դրանք ևս հաշվի առնել, այնինչ դա տեղի չունեցավ և այս նոր նախագիծը կրկին հակասահմանադրական է, նկատեց նախաձեռնության անդամը: Իսկ կառավարությանը ներկայացրած իրենց առաջարկները հետևյալն են. «Համակարգին մասնակցությունը պետք է լինի միայն կամավոր, համակարգի յուրաքանչյուր մասնակից կարող է ցանկացած պահի դուրս գալ համակարգից, համակարգի ներդրումը չպետք է պարտադիր կերպով ավելացնի գործատուի և/կամ աշխատողի ֆինանսական բեռը»։

Այս նոր նախագիծը չպետք է ընդունվի, հակառակ դեպքում մենք նորից կդիմենք ՍԴ, հարկ եղած դեպքում` նաև միջազգային ատյաններին:

Back to top button