Հասարակություն

Գյուղերում գերակշռում են կնակորույսները, քաղաքներում՝ այրիները

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Մի քանի օրից՝ հունիսի 23-ին, ՄԱԿ-ի հովանու ներքո կնշվի այրիների միջազգային օրը: Նրանց թիվը ամբողջ աշխարհում գերազանցում է 250 միլիոնը: Մեր երկրում, ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների, բնակչության 8,9 տոկոսը այրի է կամ կնակորույս: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի այսօր հրապարակած տվյալների՝ այս մարդիկ չեն խուսափում կրկին ընտանիք կազմել:

Հայաստանում ընտանիք կազմած բնակչության թիվը մարդահամարից մարդահամար նվազում է: Եթե 2001 թվականին ընտանիք կազմածները բնակչության 62,1 տոկոսն էին կազմում, ապա 2011-ին արդեն 60,1 տոկոսը: Նվազել է և ամուսնալուծվածների թիվը՝ համապատասխանաբար 3 և 2,6 տոկոս: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի՝ միևնույն ժամանակ ավելացել է ընտանիք չկազմածների թիվը. 2001-ին նրանք կազմել են բնակչության 26,4 տոկոսը, 2011-ին արդեն 28,4 տոկոսը։

Մեր երկրում այրիների և կնակորույսների գերակշիռ մեծամասնությունը 70 տարեկանից մեծ է՝ տղամարդկանց պարագայում 68 տոկոսը, կանանց ՝ 51,5 տոկոսը: Մինչև 35 տարեկան հասակում այրիացել է բնակչության 0,8 տոկոսը։

Կարինե Կույումջյանը նշում է, որ գյուղերում գերակշռում են կնակորույսները, քաղաքներում՝ այրիները։ Ողջունելի է այն հանգամանքը, որ կնակորույսները և այրիները չեն խուսափում կրկին ընտանիք կազմել։

Back to top button