Տնտեսական

Գերմանական KFW բանկը կֆինանսավորի Կապսի ջրամբարի կառուցապատումը

ՀՀ կառավարության և KFW բանկի համագործակցությամբ կիրականացվի Կապսի ջրամբարի կառուցապատման աշխատանքները։ Այսօր ընդունելով KFW բանկի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչներին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ գերմանական KFW բանկի Եվրոպայի և Ասիայի հարցերով գլխավոր տնօրեն Ռոլանդ Զիլերը հույս են հայտնել, որ արդեն սեպտեմբերին կստորագրվի համապատասխան վարկային պայմանագիրը, ինչը հնարավորություն կտա իրագործել մեր տնտեսության համար կարևոր այս ծրագիրը:

Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ջրամբարաշինությունը կառավարության առաջնահերթություններից մեկն է և առաջիկա տարիներին նախատեսվում է սկսել 4 նոր ջրամբարների կառուցման աշխատանքներ:

Նա և KFW բանկի Եվրոպայի և Ասիայի հարցերով գլխավոր տնօրենը կարևորել են նաև Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրա¬հաղորդման օդային գծի կառուցումը, որը ևս նախատեսվում է իրականացնել KFW բանկի աջակցությամբ:
Միաժամանակ Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում ՀՀ կենտրոնական բանկի և KFW-ի համագործակցության արդյունքում կիրականացվեն նոր ծրագրեր՝ բնակարանային վերանորոգման և ՓՄՁ ոլորտներում:
Քննարկվել են նաև դպրոցներում էներգախնայողության, գյուղատնտեսության և համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերին առնչվող հարցեր:

Ակնկալվել է, որ աշնանը նախատեսված հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներով նշված ծրագրերը կմտնեն գործնական փուլ:  Միաժամանակ տեղեկացվել է, որ այժմ բանակցություններ են տարվում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) Հայաստանում պաշտոնապես հավատարմագրելու ուղղությամբ, ինչը ևս կնպաստի երկկողմ նոր ծրագրերի իրականացմանը:

Կարդացեք նաև
Close
Back to top button