Քաղաքական

Աժ-ի արտահերթ նիստը՝ տապալման եզրին

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Աժ-ի արտահերթ նիստը այսօր տապալման եզրին էր. պատգամավորները` տարբեր խնդիրների համար, պարբերաբար վերցրել են 20 րոպեանոց ընդմիջումներ, իսկ նախատեսված քվեարկություններն ընդհանրապես տապալվել են: Խորհրդարանական մեծամասնությունը չի կարողացել ապահովել օրինագծերի անխափան ընդունումը, եւ լրացուցիչ խնդիրներից խուսափելու համար քվեարկությունները հետաձգվել են: Ի դեպ` պատգամավորներն այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանին հիշեցրել են անցյալը` Աժ-ի նախագահ եղած ժամանակները եւ այդ ժամանակ արած հայտարարությունները:

Աժ-ի արտահերթ նիստն այսօր մեկնարկեց Հանրապետական խմբակցության համար խնդիրներով: Իշխող կուսակցության պատգամավորները չկարողացան ապահովել քվեարկությունները: Ընդամենը երկու քվեարկության արդյունք ընդունվեց` չնայած ընդդիմադիրները դեմ էին քվեարկել: Ընթացքում նրանք փոխեցին մարտավարությունը` ընդհանրապես բոյկոտելով եւ չմասնակցելով քվեարկությանը: Արդյունքում` խորհրդարանական մեծամասնությունը չկարողացավ ապահովել քվեարկության համար անհրաժեշտ 66 ձայնի քվորումը:

Խնդիրը չլուծեց նույնիսկ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի պահանջած 20 րոպեանոց ընդմիջումը: Այսպես ասենք, «աշխատանքի վայր բերման ենթակա»պատգամավոր չկար, մի քանի հանրապտական պատգամավորի բացակայությունը հարգելի էր` տարբեր գործուղումներում են: Այսպես էլ` կիսատ թողնելով նախորդ նիստում քննարկված հարցերի քվեարկությունը, խորհրդարանն` առանց որեւէ լրացուցիչ բացատրության անցավ նոր նախագծերի քննարկմանը:

Ի դեպ` կառավարության առաջարկած օրակարգով հրավիրված արտահերթ նիստում քննարկման համար գործադիր իշխանությունից բերվել են մի շարք նախագծեր, որոնց պատգամավորները չեն ծանոթացել, հարցերը չեն քննարկվել մասնագիտացված հանձնաժողովներում եւ այդ որոշ նախագծերի համար նույնիսկ սահմանվել է հատուկ ընթացակարգ` քննարկման եւ քվեարկության 24-ժամյա ռեժիմ: Այս վերաբերմունքը եւ մոտեցումը Աժ-ի հանդեպ խիստ վրդովվեցրեց ընդդիմադիր պատգամավորներին:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանին նույնիսկ հիշեցրեց իր Աժ-ի նախագահ եղած ժամանակները, երբ պայքարում էր Աժ-ի դերի բարձրացման համար:

«Եւ սա արվում է մի կառավրության կողմից որի ղեկավարը այն մարդն էր, որ մշտապես խոսում էր Աժ-ի դերի բարձրացման մասին: Այս նստաշրջանի հրավիրումը, նրա հագեցումը շրջանառության մեջ չեղած օրենքներով այլ բան չէ, քան ոտնձգություն Աժ նկատմամբ եւ փորձ` վերածել Աժ-ն օրենքների «շտամպովկայի» մարմնի»:

Այս հարցով ընդդիմադիրները 20 րոպե ընդմիջում խնդրեցին` հույս ունենալով, որ Աժ-ի նախագահի մոտ խորհրդակցություն կունենան եւ կկարողանան այդ վիճահարույց նախագծերը հետ ուղարկել Կառավարություն: Սակայն, իրավիճակը այդպես էլ չփոխվեց: Արտահայտված բոլոր դժգոհություններից պատասխանեցին Աժ-ի նախագահ Գալուստ Սահակյանն ու հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանը:

«Մենք ամբողջ գարնանային նստաշրջանը ավելի քաղաքականացված անցկացրեցինք եւ օրենսդրական աշխատանքները հետ են մնացել: Չենք կարող այն խնդիրները, որոնք կապված են առաջիկա բարեփոխումների հետ, մնածել այն մասին, որ օրենքներ չքննարկենք, 15 օր քննարկումներ անենք, նոր մտցնենք օրակարգ» : Օրենքների 70 տոկոսը ձեր կողմից բազմիցս քննարկվել են, մյուս կեսն էլ մեծ ու փոքր օրակարգերում են: Այնպես որ հայտնագործություն չեք արել»:

Բացի «դակող մարմնի» վերածվելու վտանգից, նման աշխատաոճում Արամ Մանուկյանը մատնացույց արեց եւս մեկ վտանգի:

«Մոտ 10 օրենքի բացարձակ ծանոթ չենք: Հիամ այսօր բերելու են ներկայացնենք մենք ոչինչ չենք կարող ասել եւ կարող են անորակ «բռակ» օրենք ընդունել: Լավ օրենք ընդունելու համար օրենքի նախագիծը գոնե պետք է կարդալ, տալ էքսպերտիզայի: Ոչ մենք, ոչ մեծամասնությունը այդ հնարավորությունը չի ունեցել»:

Պատգամավորների ընդվզումն ամեն դեպքում մնաց անպատասխան: Խորհրդարանն անցավ աշխատանքի եւ հենց սկզբից անդրադարձավ ճանապարհային կանոնների խախտումների համար նախատեսվող տուգանքների մեղմացմանն ուղղված նախագծի քննարկմանը: Սակայն, որոշակի խստացումներ նույնպես կլինեն, ասաց փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը. «Այն բոլոր խախտումները, որոնք էապես վտանգ են ներկայացնում, ավելի բարձր տուգանքի չափ ենք սահմանել>: Ինչ վերաբերում է մեղմացումներին, ապա տուգանքի պահին վարորդական վկայականի բացակայության դեպքում նախկինում 5 հազար դրամի տուգանքը առաջարկվում է իջեցնել մինչեւ 3 հազար դրամի: Հանրությանը հետաքրքրող մյուս առաջարկների հիմնական մասը սա է.

«1-10 կմ/ժամ գերազանցելու դեպքում նախատեսել 1 դրամի տուգանք մեկ կմ համար: Օրինակ` նախատեսված է առավելագույն արագությունը 60 կմ/ժամ, օրենսգրքով նաեւ նախատեսված է որոշակի զիջում 10 կմ/ժամ համար: Եթե վարորդը 71 կմ/ժամ-ով էր ընթանում այսօր նախատեսված էր 10 հազար դրամի տուգանք: Այսօր նմանատիպ խախտման համար իրավախախտ վարորդները կպատժվեն հազար դրամի չափով: Այսինքն` 10 հազար դրամի փոխարեն կպատժվեն հազար դրամով: Եվ համապատասխանաբար, եթե 2 կմ/ժամ արագությամբ գերազանցեն ` 2 հազար դրամ»:

Ի դեպ` փոխոստիկանապետը տեղեկացրեց. ճանապարհային երթեւեկության կաոնների խախտման դիմաց նախատեսված տուգանքներրի թեթեւացումը ուժի մեջ կմտնի Վարչական իրավախախտումների օրենսգրքում լրացումներ կատարելու նախագիծի ընդունվելու հաջորդ 10-րդ օրը:

Back to top button