Սերգեյ Լավրովը Բաքվում կքննարկի Ղարաբաղի հարցը


Հունիսի 17-ին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը կայցելի Ադրբեջան, հայտնում է gazeta.ru-ն՝ նշելով, որ վերջին շրջանում Ռուսաստան — Ադրբեջան շփումներն ակտիվացել են՝ երկկողմ հետաքրքրությունների առումով. Բաքուն հույս ունի, որ Մոսկվան կօգնի Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի կարգավորման հարցում, Մոսկվան՝ որ Ադրբեջանը կմտնի Եվրասիական տնտեսական միություն:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Լավրովն իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ «կարծիքներ կփոխանակի տարածաշրջանային և միջազգային օրակարգի հիմնական խնդիրների շուրջ»: Ըստ աղբյուրի՝ փորձագետներն ակնկալում են Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկում, որը վերջին ամիսներին հայ-ադրբեջանական հարաբերությունների սրման նոր պատճառ է դարձել:
Իրավիճակի սրման պատճառ աղբյուրը նշում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ ավելի վաղ այս հարցի շուրջ արված հայտարարությունները: Լավրով — Մամեդյարով հանդիպումն արդեն չորրորդը կլինի այս տարի: Ավելի վաղ Լավրովն ասել էր, որ Ադրբեջանը «Ռուսաստանի դաշնակիցն է Անդրկովկասում»: