ԿարևորՀասարակություն

Ճանապարհային երթեւեւկության կանոնների խախտման տուգանքների չափերը փոխվում են

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Կառավարության հավանությանն է արժանացել «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը կազմել է վարչապետի մարտի 27-ի որոշմամբ ստեղծված ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտման համար նախատեսված տուգանքի չափերի վերանայման աշխատանքային խումբը: Նախագծով վերանայվել են սահմանված արագությունը գերազանցելու համար նախատեսված տուգանքների չափերը՝ հիմնվելով վարչական իրավախախտումների հանրային վտանգավորության աստիճանի վրա:

Օրենքի նախագծով տուգանքների չափերում նախատեսվում են մի շարք փոփոխություններ: Ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները՝ արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը նշեց, որ դրանք հիմնականում վերաբերում են սահմանված արագությունը գերազանցելու համար նախատեսված տուգանքներին։

Գործող օրենքով 30 օրվա ընթացքում տուգանքները չվճարելու դեպքում դրանք եռապատկվում են, իսկ 60 օրվա դեպքում` հնգապատկվում: Աշխատանքային խումբն առաջարկում է նվազեցնել այդ տուգանքների չափերը և 30 օր չվճարելու դեպքում տուգանքի չափը ավելացնել սահմանված տուգանքի 25 տոկոսի չափով, 60 օր չվճարելու դեպքում` 50 տոկոսով:

Տուգանքների չափերի փոփոխությունը որոշ դեպքերում էլ առաջարկվել է էլ ավելի խստացնել` հաշվի առնելով հանրային վտանգավորության աստիճանը: Դրանցից մեկը վերաբերում է ծխախոտի իրացմանը ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում։

Նշենք, որ այսօրվա նիստում, անդրադառնալով նշված փոփություններին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնել է, որ օրենքում առաջարկվող փոփոխությունները համակողմանիորեն քննարկվել են պատկան մարմիններում: Վարչապետը նաև առաջարկել է որ նոր օրենքն ուժի մեջ մտնի ոչ թե սեպտեմբերի 1-ից, ինչպես ծրագրվում էր, այլ անմիջապես՝ օրենքն ընդունելու պահից:

Back to top button