Վերլուծական

Ձեւավորվում է նոր Մերձավոր Արեւելք. Սեւրի դաշնագրի մասին բարձրաձայնելու ժամանակն է

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ընտրություններով ցույց տվեց, որ նախընտրելի է իր երկրում, իսկ պետությունն էլ ուժեղ է:  Թերևս դա է հիմնական պատճառը, որ իսլամական ուժերը վերստին կենտրոնացան Իրաքում։ Նոր Մերձավոր Արևելք ու նոր Հյուսիսային Աֆրիկա է ձևավորվում եւ Թուրքաիյի դերակատարությունը կարող է մեծանալ Մերձավոր Արևելքում։ Այս համատեքստոււմ հայերը պետք է բարձրաձայնեն Սեւրի պայմանագրի մասին այսօր հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

Քեսաբն արդեն ազատագրված է ահաբեկիչներից և քեսաբահայ տղամարդիկ գիշերն անցկացրել են իրենց ավերված բնակավայրում։ Եկեղեցիներն ու գերեզմանատները քանդված ու այրված են: ՍԴՀԿ Հայաստանի կառույցի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանն այսօր պատմեց, որ դժվարությամբ կարողացել է հեռախոսակապ հաստատել Քեսաբի մեր հայրենակիցների հետ։ Նրանց մեծ մասը պատրաստ է վերադառնալ, վերստին կառուցել տներն ու հաստատվել հարազատ բնակավայրում: Ավելին՝ նրանք վստահ են, որ քաոսն անցել է ու Սիրիական բանակը կպաշտպանի իրենց։

Վազգեն Մեսրոպյանը սուտ որակեց այն տեղեկությունները, թե իբր պաշտոնական Անկարան փակել է սահմանն ու ահաբեկիչներին թույլ չի տվել իրենց տարածք անցնել։ «Հիմնական ուժերը շարժվեցին Իրաք»,- ասում է։

Ի դեպ՝ սիրիահայերի ձևավորած ինքնապաշտպանական ջոկատներում դրսից հայեր չկան ու պետք չէ թյուրիմացաբար նման լուրեր տարածել, զգուշացրեց Վազգեն Մեսրոպյանը: Քեսապում ավերված հոսանքագծերն ու ջրատար խողովակները Սիրիայի կառավարությունը կվերականգնի 10-15 օրվա ընթացքում, սակայն տները վերականգնելու համար քեսաբահայերին հարկ է ֆինանսական օգնություն հատկացնել, ասաց՝ հստակեցնելով, որ օգնությունը պետք է ուղարկել շտապ օգնության կենտրոններին։

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը ևս վստահ է, որ սիրիական բանակի հսկողության ներքո Քեսաբում իրադարձությունները չեն կրկնվի, քանի որ, նրա պարզաբանմամբ, Սիրիան այլևս երկրորդական է, առաջնային դառնում է Իրաքը: Սիրիան կարող է գոյատևել, քանի որ ընտրությունները ցույց տվեցին, որ Ասադը նախընտրելի է և պետությունը ուժեղ։

Հիմա որոշակի դադարի վիճակ է Մերձավոր Արևելքում, սակայն 1- 2 շաբաթից ականատես կլինենք պայքարի առավել սրված վիճակի: Թուրքագետի կարծիքով՝ 2011 թվականից սկսված «արաբական գարնան» քաոսի վերջը երեւում է, այսօր, կարել է ասել, սկսվում է վերջի սկիզը: Իսկ դա նշանակում է, որ Նոր Հյուսիսային Աֆրիկա ու նոր Մերձավոր Արևելք է ձևավորվում, ասաց նա։

«Իրաքը կբաժանվի 3 մասի: Սիրիան կարող է վերապրել ու գոյատևել, քանի որ ընտրությունները ցույց տվեցին, որ Ասադը նախընտրելի է և պետությունը ուժեղ է: Եգիպտոսում կհաջողվի տապալել «Մահմեդական եղբայրներ»- ին»,- ասում է Սաֆրաստյանը։

Նոր պետություններ կառաջանան և ուժերի կենտրոնները կփոխվեն։ Փոփոխությունների ընթացքում Թուրքիան կդառնա ուժի կենտրոն Մերձավոր Արևելքում: Անկարան կակտիվացնի իր արտաքին քաղաքականությունը և այդ ընթացքում,  Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, Հայաստանը չպետք է լռի ու հարկ է հիշեցնել Սևրի պայմանագրի մասին։

Իհարկե՝ Թուրքիայի դերակատարությունը կմեծանա, սակայն թուրքագետը հանգիստ է, քանի որ վստահ է, որ Անկարայի արտաքին քաղաքականությունը չի համապատասխանում իր պոտենցյալին, ինչը նշանակում է, որ Թուրքիան այժմ արկածախնդիր քաղաքականություն է փորձում վարել։

Back to top button