Տնտեսական

ՀՀ վարչապետ. «Հարկային օրենսգրքի ներդրումը մեր տնտեսության ու երկրի մրցունակության երաշխիքներից է լինելու»

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Երևանում այսօր իր աշխատանքներն է սկսել Հայաստանի միասնական հարկային օրենսգրքի մշակմանը նվիրված միջազգային համաժողովը, որին կազմակերպել են ՀՀ ֆինանսների նախարարությունը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հարկային բարեփոխումների ծրագիրը: Համաժողովի բացմանը մասնակցել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով կարևորել է միասնական հարկային օրենսգրքի մշակումն ու ներդրումը մեր երկրի երկարաժամկետ և կայուն զարգացման տեսանկյունից: Կառավարության ղեկավարը հայտարարել է, որ Հարկային օրենսգիրքը մշակվելու է՝ հաշվի առնելով մեր տնտեսության գերակայությունները, զարգացման հնարավորություններն ու սահմանափակումները, ինչպես նաև տարածաշրջանային առաջնահերթությունները: Նոր հարկային օրենսգիրքը պետք է առավելագույնս նպաստի արտահանմանը կողմնորոշված և ներմուծմանը փոխարինող գիտելիքահեն և ոչ հումքային արտադրությունների զարգացմանը:

Բարելավել Հայաստանի գործարար ու ներդրում միջավայրը, մեր երկրի կառավարության որդեգրած հիմնական առաջնահերթություններից մեկն է, որն արտացոլված է նաև մոտ երեք շաբաթ առաջ հաստատված կառավարության ծրագրում: Բիզնես միջավայրի բարելավումը սկսվում է հարկային օրենսդրությունից: Այն, որ օրենսդրությունը տարընթերցումներ, այսպես ասենք, սողանքներ ունի, որևէ մեկի համար գաղտնիք չէ: ՀՀ կառավարությունը, ֆինանսների նախարարությունը ձեռնամուխ են եղել Միասնական հարկային օրենսգրքի հաստատման աշխատանքներին:

Վարչապետ Հովիկ Աբրահամյան.«Լիահույս ենք, որ հարկային օրենսգրքի ընդունումը օտարերկյա գործընկերների շրջանում նկատելիորեն կբարձրանա ՀՀ վարկանիշը, որպես կայուն զարգացած հարկային համակարգ ունեցող և վստահելի գործընկեր երկրի»:

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ընդգծում է՝ ամեն ինչ արվելու է, որպեսզի գործատուի վրա որևիցե բեռ չավելանա: Գերխնդիրը՝ գործարարի համար բարենպաստ պայմաններ ստեղծելն է, մշակվող հարկային օրենսգիրքը երկարաժամկետ է լինելու, սա էլ իր հերթին բիզնես գործունեությունն ավելի արդյունավետ կդարձնի:
«Ամենակարևորը, որ ունենալու ենք կայուն և կանխատեսելի միջավայր, իհարկե հարկային օրենսգրքի մեջ բոլոր հարցերը ընդգրկված կլինեն, բայց ամենակարևոր, որ գործատուն կիմանա, որ երկար հատվածի համար ինքն ունի կայուն հարկային օրենսգիրք, իր գործունեությունը հարկային մարմնի որևէ աշխատակցից կախված չի»:

Մեր երկրում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը լիահույս է՝ նոր կառավարությունը վարչապետի ու ֆինանսների նախարարի գլխավորությամբ կկարողանա հարկային բարեփոխումները կյանքի կոչել: «Գործող օրենքները լավն են, սակայն, դրանք պետք է կատարելագործվեն»,- նկատում է դեսպանն ու ընդգծում. «Ամենակարոևրը քաղաքական կամքն է և օրենքների կիրարկումը՝ թափանցիկ, պարզ ձևով: Կստեղծվի ավելի կուռ օրեսնդրական հիմք՝ հարկային համակարգի համար»:

Սահմանադրություն՝ բիզնեսի համար: Միասնական հարկային օրենսգրքի ընդունումն այսպես է բնութագրում գործարարների և արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Զրուցակիկցս նշում է , որ շուրջ ութ տարի է, որ բիզնես հանրությունը հնարավոր բոլոր հարթակներում բարձրացնում էր միասնական օրենսդրական ակտ ունենալու հարցը.«Օրենքների մեջ հակասություն գոյություն ունի, որ բարդացնում է դրա կիրառումը, տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տալիս: Այս պարագայում, եթե մենք գնում ենք վերջապես հարկային օրենսգրքի մշակման, սա մեր հարկային բարեփոխումների քաղաքականության թագապսակն է»:

Արսեն Ղազարյանը նույնպես ընդգծում է՝ միասնական հարկային օրենսգիրքը հարկատուի համար կանխատեսելի կդարձնի թե պատասխանատվությունը, և թե վերջինիս իրավունքները:

Back to top button