ԿարևորՀասարակություն

ՀՀ նախագահն այցելել է Հանրային հեռուստաընկերություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի հանրային հեռուստաընկերություն: Հանրապետության նախագահը շրջայց է կատարել հեռուստաընկերությունում, ծանոթացել կատարված փոփոխություններին՝ հեռուստաեթերի բովանդակային և տեխնիկական որակի բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, եթերային նոր քաղաքականությանը, հեռուստաընկերության առաջիկա ծրագրերին և դեռևս առկա խնդիրներին:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի և հեռուստաընկերության գործադիր տնօրենի ուղեկցությամբ հանրապետության նախագահը շրջել է նկարահանման տաղավարներում, զրուցել անձնակազմի հետ, ծանոթացել նրանց աշխատանքային պայմաններին:

Շրջայցի ավարտին Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Հանրային հեռուստաընկերության ղեկավար անձնակազմի և ստեղծագործական խմբի ներկայացուցիչների հետ: Նախագահը ողջունել է հեռուստաընկերության բարեփոխման ուղղությամբ իրականացված քայլերը, խրախուսել անձնակազմին և հաջողություններ մաղթել Հանրային հեռուստաընկերությանը՝ հետագա ծրագրերի իրականացման գործում:

Հանրապետության ղեկավարը կարևորել է հեռուստաընկերության դերը երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակության, հանրության շրջանում ազգային և համամարդկային բարձր արժեքներ քարոզող կրթական, մշակութային, հայրենասիրական և այլ ուսանելի ու օգտակար ծրագրերի ուղղությամբ աշխատանքները՝ հասնելու համար այն մակարդակին, ինչն ակնկալվում է Հանրային հեռուստաընկերությունից:

Նախագահը հյուրընկալվել է նաև «Առաջին լրատվական» ծառայությանը: Սերժ Սարգսյանը ծանոթացել է հիմնանորոգված առանձին մասնաշենքում լրատվական ծառայության աշխատակիցների համար ստեղծված պայմաններին, այցելել լրագրողների և տեխնիկական անձնակազմի աշխատասենյակներ, զրուցել նրանց հետ։ Այնուհետև հանրապետության նախագահը հյուրընկալվել է Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրին։

Back to top button