Քաղաքական

ՀՀ նախագահը պաշտոնական այցով մեկնում է Վրաստան

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 18-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Վրաստանի բարձրագույն ղեկավարության հետ:

Այցի շրջանակներում նախատեսված է հանրապետության նախագահի առանձնազրույցը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ, որին կհաջորդեն երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները և հայ-վրացական համագործակցության խորացմանն ու զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունը:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին բանակցությունների արդյունքները կամփոփեն զանգվածային լրատվամիջոցների առջև համատեղ հայտարարությամբ:

Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Վրաստանի մայրաքաղաքում նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի «Հերոսների» հրապարակ և ծաղկեպսակ կդնի հուշակոթողին:

Սերժ Սարգսյանը Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական ակադեմիական թատրոնում ներկա կգտնվի նաեւ Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված գալա համերգին։

Back to top button