Քաղաքական

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Բունդեստագի նախագահին

Պաշտոնական այցելությամբ Բեռլին ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին հանդիպել է Գերմանիայի Բունդեստագի նախագահ Նորբերթ Լամերթին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ Նորբերթ Լամերթը նշել է, որ ջերմությամբ է հիշում երկու տարի առաջ Հայաստան կատարած իր այցելությունը և Հանրապետության ղեկավարության հետ ունեցած հանդիպումներն ու ընդգծել, որ հայ-գերմանական համագործակցությունը քաղաքական, միջխորհրդարանական, տնտեսական և մշակութային բնագավառներում գնալով ընդլայնվում են։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանն ասել է, որ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում լուրջ ներդրում ունի փոխգործակցության խորհրդարանական ձևաչափը, որի շրջանակներում ակտիվ շփումներ են իրականացվում։

«Հենց այս օրերին՝ իմ այցելությանը զուգահեռ, Հայաստանում են գտնվում Բունդեստագի տարբեր հանձնաժողովներ ներկայացնող պատգամավորներ, ինչը վկայում է խորհրդարանների միջև արդյունավետ համագործակցության մասին»,- շեշտել է Հայաստանի արտգործնախարարը։

Զրուցակիցները կարևորել են խորհրդարանական վեհաժողովներում փոխգործակցությունը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել և շնորհակալություն է հայտնել Բունդեստագի Միջազգային խորհրդարանական կրթաթոշակային ծրագրում Հայաստանի ներկայացուցիչներին ներգրավելու համար։

Հանդիպմանը քննարկվել են հայ-գերմանական հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների, Արևելյան գործընկերության շրջանակներում իրականացվող փոխգործակցության վերաբերյալ։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Վիլնյուսի գագաթաժողովի շրջանակներում Հայաստանն ու Եվրոպական միությունը համատեղ հայտարարությամբ վերահաստատել են իրենց հանձնառությունը` զարգացնել և ամրապնդել Արևելյան գործընկերության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը։

Ողջունելով Եվրամիության հետ հարաբերություններն ընդլայնելու և խորացնելու Հայաստանի պատրաստակամությունը` Բունդեստագի ղեկավարը նշել է, որ նպատակահարմար է մշակել փոխգործակցության այնպիսի ձևաչափ, որը հաշվի կառնի այլ ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի պարտավորությունները։

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Երկուստեք գոհունակություն են հայտնել Աֆղանստանում անվտանգության աջակցության ուժերի կազմում հայ-գերմանական համագործակցության կապակցությամբ։

Back to top button