

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերին և Ալան Միլին: Նախագահը ողջունել է հյուրերին և վստահություն հայտնել, որ նրանց համատեղ առաքելությունն արդյունավետ կլինի՝ ի շահ Հայաստան-ԵԽԽՎ համագործակցության: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել համազեկուցողների հետևողական ներգրավվածությունը Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ԵԽ-ին անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին: Երկուստեք նշվել է, որ իրավունքների պաշտպանության և իրավական պետության սկզբունքների խորացման ուղղությամբ վերջին տարիներին Հայաստանում իրականացված խորքային բարեփոխումները եղել են հետևողական: Զրուցակիցների համոզմամբ, առաջընթացը տեսանելի է:
Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է Հայաստան-ԵԽ 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի լիարժեք իրականացումը, որում ընդգրկված նախագծերը ուղղակի կամ անուղղակի առնչվում են Հայաստանի պարտավորություններին՝ աջակցություն արդարադատության և քրեակատարողական ոլորտների բարեփոխումներին, տեղական ժողովրդավարության ամրապնդմանը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արդյունավետ կիրարկմանը և այլն:
ԵԽ-ին անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման առումով, հանրապետության նախագահը կարևորել է նաև Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողների կատարած աշխատանքը և վստահություն հայտնել, որ կառուցողական համագործակցությունը այսուհետ ևս կշարունակվի:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ իրականացվող կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական և ոստիկանության ոլորտներում բարեփոխումների և այդ ոլորտներում դեռևս առկա խնդիրների շուրջ:
ՀՀ նախագահը և ԵԽԽՎ համազեկուցողներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը։
Հանդիպումներ նաեւ ԱԺ ում
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության հետ հանդիպման ժամանակ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը նկատել է, որ որոշ պատվիրակներ փորձում են եվրոպական հարթակն օգտագործել այլ նպատակներով՝ տարածելով եւ սերմանելով անհանդուրժողականություն եւ այլատյացություն:
Երկրորդելով գործընկերոջը՝ Արփինե Հովհաննիսյանը կարծիք հայտնել է, որ անհրաժեշտ է, որպեսզի Եվրոպան մի պահ կանգ առնի եւ կատարի արժեքների վերարժեւորում՝ պարզելու, թե ուր է գնում, եւ գործադրի ջանքեր, որոնք կբացառեն անհանդուժողականության ու այլատյացության դրսեւորումները:
Մհեր Շահգելդյանն իր խոսքում անդրադարձել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման փաստերին, որպես հետեւանք նշելով հայ զինվորների մահվան դեպքերը :
Լեւոն Զուրաբյանը մատնանշել է երկրում առկա խնդիրները, որոնք առնչվում են մարդու իրավունքներին եւ ազատություններին:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ Ակսել Ֆիշերը տեղեկացրել է, որ ԱԺ խմբակցությունների հետ հանդիպելով, նպատակ ունեն լսելու նրանց տեսակետներն ու կարծիքները մի շարք հարցերի, մասնավորապես, ներքաղաքական իրավիճակի, խմբակցությունների հետագա ծրագրերի վերաբերյալ:
Հյուրերի խնդրանքով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին, տարածաշրջանային գործընթացներին, չորս ոչ իշխանական խորհրդարանական ուժերի համագործակցության ուղղություններին եւ հետագա նպատակներին, սահմանադրական բարեփոխումներին:
Նա պարզաբանել է, որ «Ժառանգություն» խմբակցությունը կարեւորում է խորհրդարանական կառավարման համակարգը, սակայն այս պահին մեկնարկած սահմանադրական բարեփոխումների գործընթացը համարում է ժամանակավրեպ: Ռուբիկ Հակոբյանն անդրադարձել է ԼՂՀ հակամարտության կարգավորման հիմնախնդրին, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանը, համայնքներում ժողովրդավարության զարգացման խմբակցության մոտեցումներին:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը եւ քարտուղար Աղվան Վարդանյանը անդրադարձել են ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին, ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի ներկայացրած 12 կետից բաղկացած հայտարարությանը եւ այլ հարցերի:
Արմեն Ռուստամյանի գնահատմամբ՝ քառյակի ներկայացրած 12 կետերի իրագործումը հնարավորություն կտա կառավարությանը ավելի իրատեսական դարձնելու բարեփոխումները: Նա կարեւորել է ընդդիմությանը վերահսկողության գործառույթներով ապահովելը, ընտրական համակարգի փոփոխությունները: Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին՝ Ռուստամյանն ընդգծել է, որ իրենց կուսակցության նպատակը սահմանադրական փոփոխությունների ինքնանպատակ մերժումը չէ. եթե դրանք կբերեն կառավարման համակարգի փոփոխությանը եւ կլուծեն երկրի առջեւ ծառացած խնդիրները, ապա իրենք կներկայացնեն առաջարկներ:
Խոսելով ԼՂ հիմնախնդրից՝ Աղվան Վարդանյանն արժեւորել է ԼՂ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը՝ նշելով, որ Ադրբեջանն է պատերազմ սանձազերծել ԼՂ-ի դեմ եւ պարտվել է այդ պատերազմում: «Կարեւոր է, որ մեր եվրոպացի գործընկերները թույլ չտան ԼՂ ժողովրդի շրջափակումը»,- ընդգծել է խմբակցության քարտուղարը: Նա կարեւորել է ՀՀ-ԵՄ երկխոսության շարունակականությունը:
«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի եւ քարտուղար Մհեր Շահգելդյանի հետ հանդիպման ժամանակ Բիշարյանը նշել է, որ ՕԵԿ-ը արդեն երկու ամիս է գործում է ընդդիմադիր դաշտում: Նրա խոսքով՝ խմբակցությունը պատրաստ է հրապարակային քաղաքականության, քննարկել հարցեր մյուս քաղաքական ուժերի հետ:
Խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը ներկայացրել է այն կարեւոր կետերը, որոնք առաջնային են իրենց կուսակցության համար: ՀՀ քաղաքական համակարգի ժողովրդավարացման, թափանցիկ եւ արդար ընտրական համակարգի ձեւավորման, կուսակցական համակարգի ինստիտուցիոնալ կայացման եւ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների բարելավման համար ՕԵԿ-ի համար քաղաքական առաջնահերթություններ են 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցումը, ՀՀ-ում կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունումը եւ այլ հարցեր:
Հեղինե Բիշարյանը եւ Մհեր Շահգելդյանը անդրադարձել են ԼՂ հիմնախնդրին, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը,մամուլի ազատությանը, ՕԵԿ-ի՝ քաղաքական կոալիցիայից դուրս գալուն եւ այլ հարցերին
ՀԱԿխմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի եւ քարտուղար Արամ Մանուկյանի հետ հանդիպման ընթացքում Լեւոն Զուրաբյանը խոսել է ընտրական գործընթացներից, կարեւորել ընտրացուցակների ճշգրտությունը, հեռուստաընկերությունների անկախությունը: Նա նաեւ անդրադարձել է իշխանությունների առաջարկած սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին՝ նշելով, որ խմբակցությունն այս պահին այդ բարեփոխումների կարիքը չի տեսնում:
Լեւոն Զուրաբյան խոսել է նաեւ 2008 թ.-ի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններից, անդրադարձել մարդու իրավունքների պաշտպանության եւ ներքաղաքական խնդիրներին վերաբերող հարցերի:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւ խմբակցության անդամներ Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են խմբակցության դիրքորոշումը երկրում ընթացող ներքաղաքական եւ արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ, խոսել քառյակի ձեւաչափում համագործակցության եւ այն քայլերի մասին, որոնք նախաձեռնել են քառյակի կուսակցությունները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նոր կառավարության գործունեությանը: Կողմերը քննարկեել են սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, որի վերաբերյալ ԲՀԿ խմբակցությունը ներկայացրեց իր դիրքորոշումը՝ նշելով, որ այս պահին սահմանադրական փոփոխությունների հանրային պահանջ չկա:
Կողմերը քննարկել են նաեւ երկրի առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերներին՝ արտագաղթին, աղքատությանը եւ գործազրկությանը վերաբերող խնդիրները, անդրադարձան օրենսդրության բարելավման հետ կապված մի շարք հարցերի:
ՀՀԿ խմբակցության անդամներ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի, Հովհաննես Սահակյանի, Արփինե Հովհաննիսյանի, Նաիրա Կարապետյանի եւ Արաիկ Հովհաննիսյանի հետ հանդիպման ժամանակ համազեկուցողների խնդրանքով Հերմինե Նաղդալյանը եւ Հովհաննես Սահակյանն անդրադարձել են 2008 թվականի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի իրականացրած աշխատանքին եւ նման ողբերգական իրադարձությունների կրկնությունը բացառելու նպատակով կատարված օրենսդրական բարեփոխումներին, նշելով, որ այժմ շարունակվում է այդ գործով ի հայտ եկած նոր հանգամանքների ուսումնասիրությունն ու նախաքննությունը:
Համազեկուցողները, ելնելով քաղաքացիական հասարակության մի շարք անդամների հետ ունեցած հանդիպումներից, հետաքրքրված էին նաեւ գենդերային հավասարության ուղղությամբ իրականացվող քայլերով, տեղական ինքնակառավարման մարմիններում ժողովրդավարության զարգացմամբ, որոնց վերաբերյալ խմբակցության անդամները ներկայացրին կատարված եւ ընթացող աշխատանքները:
Մասնավորապես, Արաիկ Հովհաննիսյանը նկատել է, որ հանրապետությունում սկսվել է համայնքների խոշորացման գործընթաց, բացի այդ՝ եվրոպական չափանիշներին համահունչ բարեփոխվում է ոլորտի օրենսդրությունը: