Հասարակություն

Գրիգոր Ավետիսյան.«Անկախությունն ինքնանպատակ չէ, դա ազգային տեսակը պահելու և լավագույնս դրսևորվելու հնարավորությունն է»

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Անկախությունն ինքնանպատակ չէ, դա ազգային տեսակը պահելու և լավագույնս դրսևորվելու հնարավորությունն է: Մենք մեծ ներուժ ունեք. իրավիճակի մի փոքր շտկում և աշխարհին շատ բան կարող ենք տալ: Ձեռք բերածը պահպանել է պետք»,- Ռադիոլուրի զրուցակիցը արցախյան պատերազմի մասնակից, օպերատոր Գրիգոր Ավետիսյանն է:

 

Հայրը Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, անվանի կինոռեժիսոր Ժիրայր Ավետիսյանն էր, ում անվան հետ են կապված Հայաստանում առաջին հեռուստաեթերը, առաջին հեռուստատեսային նկարահանումներն ու առաջին հեռուստաֆիլմերի ստեղծումը: Արվեստով խտացված մթնոլորտում ծնունդ ու հասակ առած Գրիգորի համար դեպի արվեստ ճանապարհը, կարծեք, նախասահմանված էր: Ընտրեց բեմադրիչի մասնագիտությունը, ավարտեց Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կինո-ֆոտո արվեստի բաժինը, Լաերտ Վաղարշյանի կուրսը, աշխատանքի անցավ հեռուստատեսության ստուդիայում, ավելի ուշ՝ ավագ գիտաշխատող էր մշակույթի նախարարության ժողարվեստի գիտամեթոդական կենտրոնում, աշխատեց նաև «Տեսք» կինոստուդիայում, իսկ հետո՝ 88 թիվ, ազգային զարթոնքի սկիզբ: Արցախ մեկնեց տեսախցիկով, որպես օպերատոր, այնտեղից վերդարձավ որպես զինվորական:

«Ազգամիջյան այս խնդրին ես շատ ավելի վաղ էի ծանոթացել, դեռ 70-ականներին. հայրս նկարում էր ֆիլմ նվիրված Ստեփան Շահումյանին: Այդ առիթով մենք գտնվում էինք Բաքվում: Հորս մտերիմներից մեկը տեղի «Կոմունիստ» թերթի խմբագիրներից էր: Նրա հետ հանդիպեցինք, զրուցեցինք, ու այդ կինն ասաց, որ տագնապի մեջ է. Շուշիի բանտապետը բնակարանի խնդրի պատճառով սպանել էր ադրբեջանցի նախարարին ու ինքնասպան եղել: Մեզ ծանոթ կինը չգիտեր՝ բանտապետը հայ է, թե ՝ ոչ: «Եթե պարզվի, որ հայ է, Շուշիում կարող է կոտորած լինել»,-ասաց նա: Սովետական բազմազգ երկրի գեղեցիկ պատրանքն, իհարկե, անիրական էր դարձնում դա, բայց այդ ժամանակ ես հասկացա՝ ինչ որ բան, այնուամենայնիվ, այն չէ: 70 տարի այդ պատրանքով ապրել ենք մենք, բայց ո՛չ արցախցիները: Այդ վտանգն ամեն օր նրանց աչքի առաջ է եղել, և ահա՝ եկավ 88-ը:

Դավիթաշենում, որտեղ ապրում էր , ձևավորվում էր «Սասունցի Դավիթ» աշխարհազորային ջոկատը, որի հրամանատարներից էր նաև Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը: Այս ջոկատի կազմում էլ մեկնեց Արցախ: Սկզբում եղել է Կրկժանում, որը Ստեփանակերտի պաշտպանության ամենավտանգավոր հատվածն էր: Արցախում Գրիգոր Ավետիսյանի օպերատորական աշխատանքն ավարտվեց առաջին ծանր մարտից հետո և նա դարձավ շտաբի պետ Յուրա Հովհաննիսյանի՝ 26-ի Յուրայի օգնականը:

«Ես օպերատոր չէի, իմ նկարահանումները մեկ նպատակ ունեին՝ մեր տղաների քաջագործություններն այնտեղ նկարել ու ցույց տալ այստեղ, որպեսզի երիտասարդներին ոգևորենք, գնան Արցախ՝ կռվելու: Իմ նկարահանումները զուտ քարոզչական նպատակ ունեին: Բայց առաջին լուրջ մարտի ժամանակ մենք շատ զոհեր տվեցինք, եկավ մի պահ, երբ ես պարզապես ստիպված էի՝ տեսախցիկը դնել մի կողմ ու զենք վերցնել, կռվող էր պետք…«Շուշիի ազտագրումից մի քանի օր առաջ շատ ծանր կռիվ տեղի ունեցավ: Ես հավատավոր մարդ եմ և կյանքի ու մահվան սահմանն ինձ համար պարզապես անցումային մի փուլ է: Հանգիստ եմ նայում մահվանը, որովհետև այն չեմ դիտում որպես վերջ, բայց շատերի համար մահն, իհարկե, սարսափելի է, և իրական վտանգի հետ բախվելիս անմիջապես սկսում է գործել ինքնապաշտպանական բնազդը: «26»-ի պաշտպանության ժամանակ եկավ մի պահ, որ այլևս կռվող ուժեր չունեինք, իսկ թշնամին մոտենում էր: Յուրան ասաց.«Եթե մնանք, հինգ րոպեից հետո շրջափակման մեջ կլինենք, մեր գնալու ժամանակն է»: 3-4 հոգով էինք, պայթյունների տակ սկսեցինք վազել, դա տևեց առնվազն 15 վայրկյան ու, հանկարծ, Յուրան կանգ առավ ու ասաց.«Ու՞ր ենք վազում»: Հենց այդ 15 վայրկյանների ընթացքում նրա մեջ խեղդվել էր ինքնապաշտպանական բնազդն ու հաղթել էր գիտակցությունը: Ինձ համար դա՛ է հերոսությունը, երբ քո գիտելիքները, զգացմունքները, արժեքները, հանուն որոնց դու ապրում ես, հաղթում են բնազդներիդ: Երբ վախենալով մահվանից ու չափազանց սիրելով կյանքը, միևնույնն է, հասկանում ես, որ կա ավելի կարևոր մի բան, հանուն որի պետք է զոհաբերվես:
Նրանք մնացին տեղում, հայկական ջոկատները օգնության հասան, հարցը լուծվեց և այդ 15 վայրկյաններն այնքան որոշիչ դարձան: «Մենք հաղթեցինք այս պատերազմում և կարևորը դա՛ է: Մենք հաղթեցինք թվաքանակով մեզանից մի քանի անգամ ավելի հզոր թշնամուն: Ձեռք բերեցինք անկախ պետություն, որտեղ պիտի շատ ու շատ երեխաներ ծնվեն»,-ասում է Ավետիսյանը:

«Չեչնիայի երիտասարդ նախագահ Կադիրովը վերջերս մի իմաստուն միտք արտահայտեց. «Ինչո՞ւ է պետք ազգին անկախությունը, որպեսզի ազգը խոսի իր լեզվով, իր երեխաներին սովորեցնի այդ լեզուն, ապրի իր ազգային մշակույթով և պահպանի իր կրոնը: Սրա՛ համար են մարդիկ կռվում»: Անկախությունն ինքնանպատակ չէ, դա ազգային տեսակը պահելու և լավագույնս դրսևորվելու հնարավորությունն է»:
Որքանո՞վ է դա մեզ հաջողվում, ըստ Ավետիսյանի, գնահատականները վաղաժամ են: «Կարևորն այն է, որ ներուժ ունեք. իրավիճակի մի փոքր շտկում և աշխարհին շատ բան կարող ենք տալ: Ձեռք բերածը պահպանել է պետք»: Զրուցակիցս լավատես է, որովհետև լավատեսությունն, ինչպես ասում է, հայի արյան մեջ է:

Back to top button