Այս տարի եւս Հայպետհիդրոմետը զով ամառ է կանխատեսում


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Օդերևութաբանական կանխատեսումների համաձայն` այս տարի ամառը կլինի զով, տեղումներն էլ նորմայի սահմաններում: Մինչև հունիսի վերջ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանի տեղեկացմամբ` եղանակը կտատանվի: Առաջիկա երեք օրերին կդիտվի առանց տեղումների եղանակ, իսկ դրանից հետո կնկատվի կարճատև անձրև: Առանձին վայրերում կարկուտ:
Այս տարվա հունիսը տեղումնառատ է, սակայն ջերմաստիճանը նորմային մոտ , ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանի կանխատեսումներն են: Նրա վստահեցմամբ` եղանակային այս պայմանները դեռևս կշարունակվեն: Առաջիկա երեք օրերին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսերին սպասվում է կարճատեև անձրև, ամպրոպ, իսկ առանձին վայրերում կարկուտ:
Մայրաքաղաքում առանց տեղումների եղանակ և օդի ջերմաստիճանի 3-ից 4 աստիճանով բարձրացում է կանխատեսվում հունիսի 21-ին և 22-ին: Սակայն օդերևութաբանի փոխանցմամբ` եղանակի տաքացումը երկար չի տևի, քանի որ հունիսի 23-ից հանրապետության տարածքին կմոտենան սառը հոսանքներ: Իսկ շրջանառվող այն լուրերին, թե իբր հանրապետությունում կլինեն փոթորիկներ ու աննախադեպ կարկուտներ, Զարուհի Պետրոսյանը վստահեցրեց:
«Որևէ արտառոց եղանակային պայմաններ այս օրերին Հայաստանում չի դիտվում: կարկուտը և առատ տեղումները տարվա այս ժամանակահատվածին հատուկ երևույթներ են Հայաստանի համար: Հենց մայիսի վերջին, հունիս ամսին, մինչև հուլիսի կեսերը հատուկ են, որ Հայաստանում դիտվեն ներզանգվածային բնույթի տեղումներ` այն է հորդառատ անձրևներ, կարկուտ, քամու ուժգնացում»:
Ընդհանուր առմամբ` այս տարվա ամառը, ըստ կանխատեսումների, զով է լինելու: Օդի ջերմաստիճանը ամռան երկու ամիսներին` հունիսին և հուլիսին, կդիտվի նորմային մոտ բացասական շեղումով, իսկ օգոստոսին`նորմային մոտ դրական շեղումով: