Հասարակություն

Ռիմա Առաքելյան.«Պետությունը լուրջ քայլեր է ձեռնարկում անհայտ կորածներին ու գերիներին գտնելու, վերադարձնելու ուղղությամբ»

Արմինե Գևորգյան
«Ռադիոլուր»

Այսօր Հայաստանից ավելի քան 200 անհայտ կորած ազատամարտիկ կա, որից 94-ի մասին որոշակի տեղեկություններ կան, դրանք ճշգրտվում են: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Անհայտ կորած ազատամարտիկների խորհուրդ» ՀԿ նախագահ, անհայտ կորած ազատամարտիկի մայր Ռիմա Առաքելյանը:  Ըստ նրա՝ պետությունը լուրջ քայլեր է ձեռնարկում անհայտ կորածներին ու գերիներին գտնելու, վերադարձնելու ուղղությամբ: Հիշեցենք, որ Հայաստանում պաշտոնապես հունիսի 29-ը նշվում է անհայտ կորած ազատամարտիկի օրը: Օրը պատահական ընտրված չէ. քանի որ Արցախյան պատերազմի ժամանակ հենց այդ օրը առավել մեծ թվով` 76 ազատամարտիկներ «Արաբո» ջոկատից անհայտ կորան:

Վրեժ Գրիգորյանը 16 տարեկանում, որպես կամավոր մեկնեց պատերազմ՝ Շահումյանի ազատագրման մարտերին մասնակցելու, այնուհետև կամովին միացավ «Արաբո» ջոկատին: Մայրը Սամարա Գրիգորյանը ասում է, որ օրենքով ինքը ազատված էր ծառայությունից, քանի որ ընտանիքի երրորդ երեխան էր: Իսկ 90-ականներին գործում էր օրենք, համաձայն որի` եթե ընտանիքից երկու հոգի ծառայել էին, երրորդն ազատվում էր ծառայությունից: Տիկին Սամարան հույսը չի կորցնում,սպասում է,որ ամպայման հրաշք կլինի. «Դիմել են միջազգային կառույցներին, Կարմիր խաչին, որպեսզի կազմակերպեն Հայաստանում ու Ադրբեջանում գործող անհայտ կորածների հարցերով զբացվող հանձնաժողովների հանդիպում, բայց ադրբեջանական կողմից որևէ արձագանք չի եղել: Միայն այդ հանդիպման արդյունքում հնարավոր է որևէ քայլ անել»:

Մինչ օրս պատերազմական գործողությունների հետևանքով 200 անհայտ կորածներ կան, որոնցից միայն 94-ի մասին որոշակի տեղեկություններ կան: «Անհայտ կորած ազատամարտիկների խորհուրդ» ՀԿ-ի նախագահ, անհայտ կորած ազատամարտիկի մայր Ռիմա Առաքելյանը նշում է, որ Ադրբեջանի հետ բավական դժվար է այս հարցերով համաձայնության գալը` նրանք անընդհատ փոփոխում են հայերի տեղը, առանձնահատուկ չեն հետաքրքրվում նաև իրենց անհայտ կորածների ճակատագրերով:
Հունիսի 13-ին տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Ռիմա Առաքելյանը նշում է, որ անդրադարձ է եղել վերջերս ադրբեջանական գերության մեջ հայտնված Հակոբ Ինջուղլյանին.« Շատ ինտենսիվ  զբաղվում են խնդրով: Հունիսի 12-ին Կարմիր խաչի` Բաքվի գրասենյակից այցելել են նրան, ասացին, որ առողջականը վիճակը լավ է, նա լավ է»,- ասաց նա:

Ընդհանուր առմամբ, Ռիմա Առաքելյանի խոսքերով, պետությունը լուրջ քայլեր է ձեռնարկում անհայտ կորածներին ու գերիներին գտնելու, վերադարձնելու ուղղությամբ. «Անձամբ Սեյրան Օհնայանը լուրջ մտահոգվում է այս խնդրով»:

Back to top button