ԿարևորՔաղաքական

Մասնավոր այց՝ մասնավոր կարծիք. Կիսելյովի հայտարարությունների՝ ԱԺ հայ- ռուսական բարեկամական խմբի դիտարկումը

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Գարնանային նստաշրջանի ընթացքում հայ- ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեության և վերջին՝ 24-րդ նիստի արդյունքներն են ամփոփել հայ պատգամավորները: Հանձնմաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը նկատել է, որ ի տարբերություն նախորդ գումարման, երբ միջխորհրդարանական համագործակցության առանցքում մշակութային ու հումանիտար խնդիրներն էին, այս գումարման խորհրդարանում հանձնաժողովի ուշադրությունն առավելապես տնտեսական թեմաների ուղղությամբ է: Դրանք, ըստ ԱԺ փոխնախագահի, կարևորվում են հատկապես եվրասիական գործընթացի համատեքստում։ Չի շրջանցվել «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի՝ Երևանում օրերս հնչեցրած հայտարարությունների թեման: Մասնավոր այց՝ մասնավոր կարծիք ու փոթրիկ մեկ բաժակ ջրում. հայկական պատվիրակությունն այսպես է ամփոփում հայ-ռուսական բարեկամական խմբի վերջին նիստին վերաբերող աղմուկը:

Եվրասիական ինտեգրացիայի տնտեսական բաղադրիչի շուրջ բանավեճը մինչ այժմ հիմնականում ընթանում է այն հարցերի շուրջ, թե որ ապրանքատեսակը ինչքանով կթանկանա, որը որքանով կէժանանա: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կարծիքով՝ սա սպառողական մակարդակի քննարկում է, իսկ եվրասիական ինտեգրացիոն գործընթացը շատ ավելի լուրջ վերլուծություն ու մոտեցումներ է պահանջում։ «Պետք է մտածենք ու գործենք այն ուղղությամբ, թե շուրջ Եվրասիական միության մոտ 200 միլիոնանոց շուկան ինչ նոր հնարավորություններ է տալիս, տնտեսությունը զարգացնելու ինչ նոր ուղղություններ է բացում»,- ասում է։

Ընդհանուր առմամբ՝ հայ-ռուսական խորհրդարանական համագործակցությունը հանձնաժողովի հայ պատվիրակները արդյունավետ ու նպատակային են համարում՝ նշելով, որ հայ-ռուսականը միջխորհրդարանական այն հանձնաժողովներից է, որը կանոնավոր նիստեր է գումարում ՝ տարեկան երկու անգամ, մեկը Հայաստանում , մեկը՝ Ռուսաստանի Դաշնությունում և կոնկրետ հարցեր է քննարկում։

Հայ-ռուսական համագործակցության վիճահարույց կետերը հանձնաժողովի անդամներին հիշեցրին լրագրողները «Գույք պարտքի դիմաց», զենքի վաճառք Ադրբեջանին, վերջապես Կիսելյովի հայտարարությունները: Հերմինե Նաղդալյանի կարծիքով՝ այս թեմաներից յուրաքանչյուրը հնարավոր է տարբեր տեսանկյուններից մեկնաբանել: ԱԺ փոխնախագահը կողմ չէ միակողմանի մեկնաբանություններին։ «Գույք պարտքի դիմաց»- ը մենք գնահատում ենք որպես մեզնից վերցված գույք, որի մի մասն արդեն աշխատում է, և կոոպերացիան կարող է շատ ավելի արդյունավետ լինել: Ես չեմ ցանկանում մեկ առ մեկ անդրադառնալ խնդիրներին: Կրկնեմ՝ ՌԴ-ն եղել և մնում է ՀՀ-ի գլխավոր ռազմավարական գործընկերը»։

Հանձնաժողովի անդամ Վարդան Այվազյանն էլ նշեց, որ ռուսական կողմի՝ Ադրբեջանին վաճառված զենքի թեման չի շրջանցվել ոչ հանձնաժողովի ընդդիմադիր, ոչ էլ իշխանական պատգամավորների կողմից, հարցին անդրադարձ եղել է տարբեր հանդիպումների ժամանակ: Բոլոր մտահոգություններին ռուսական կողմից տրվել է նույն հավաստիացումը. տարածաշրջանի ռազմական բալանսը վերահսկվում է, անհանգստանալու պատճառներ չկան: «Տարածաշրջանի ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում չի կարող խաթարվել: Դա ասում են բոլոր մակարդակներում»,- ասաց։

Հանաձնաժողովի անդամներից Լևոն Մարտիրոսյանի դիտարկումն այլ շեշտադրում ուներ։ «Փաստորեն՝ Կիսելյովի հայտարարությունները հավասարեցնում ենք «Գույք պարտքի դիմաց» ծրագրին, զենքի վաճառքի թեմային: Եկեք այդքան չկարևորենք մի անձի հայտարարությունները։ Ամոթալի է ուղղակի»։ Հետևել Լևոն Մարտիրոսյանի խորհրդին՝ այդքան չկարևորել ռուս լրագրող Դմիտրրի Կիսելյովի այցն ու Ազգային ժողովում արած հայտարարությունները, ասուլիսի ընթացքում այդքան էլ չհաջողվեց: Հարցերի մի մասը հենց այդ թեմային էր վերաբերում:

Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց, որ հայ-ռուսական բարեկամության ակումբը գործում է ԱԺ շենքում: Համանման ակումբ շուտով կբացվի նաև Պետդումայի շենքում։ Ակումբը բաց, ոչ պաշտոնական քննարկումների բանավեճի ազատ հարթակ է, իսկ բոլոր տեսակետները, հաճո կամ անհաճո, լսել եւ ուսումնասիրելը մեր շահերից է բխում, ասաց Հերմինե Նաղդալյանը: Իսկ պատասխանելով հարցին, թե ով էր հրավիրել, նշեց, որ «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության ղեկավարը Հայաստան է ժամանել այլ այցով, առիթն օգտագործվել է և հրավեր եղել։

Ակումբի վերջին քննարկման թեման վերաբերել է հասարակական կազմակերպությունների դերակատարությանը։ Հրավիրվել են 60-ից ավելի կառույցներ, նաև ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներ, որոնք, ԱԺ փոխնախագահի խոսքով, նիստին չեն մասնակցել: Իսկ տեսակետին, թե ռուս լրագրողի հայտարարությունները համարժեք պատասխաններ չեն ստացել, ԱԺ նախագահը համաձայն չէ: «Ո՞վ որոշեց՝ ով շատ լռեց, ով քիչ խոսեց։ Հակադարձումներ են եղել։ Ո՞վ է ասում, որ լռություն է եղել, ու տերն ու ծառայի հարաբերություններ են: Կանխակալ վերաբերմունք է։ Հասկանո՞ւմ եք, որ հակառուսականները սա գնահատում են և փորձում ընթացք տալ, որ տեսեք, ռուս ներկայացուցչին տեղը դրեցինք, եվրոպամետները ցույց տանք, թե ինչքան ենք լավ ծառայում եվրոպական տերերին և իշխանության որևէ քայլը չեն գնահատելու։ Եղել են վաթսունից ավելի հ/կ-ների ներկայացուցիչներ ու ակտիվ հակադարձել են ու իրենց սեփական հարցադրումներն են արել»։

Մասնավոր այց, մասնավոր կարծիք ու փոթրիկ մեկ բաժակ ջրում. հայկական պատվիրակությունն այսպես է ամփոփում հայ-ռուսական բարեկամական խմբի վերջին նիստի հետ կապված աղմուկը: Հերմինե Նաղդալյանը նաև հավելում է՝ կիսելյովներ եղել են և դեռ կլինեն։

Back to top button