Տնտեսական

Հերթական գնաճը էլեկտրաէնէրգիայի հերթական բարձրացումից հետո. բյուջեի ճեղքը կփակվի սպառողների հաշվին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության հետ գործարքի մեջ չէ, սակայն, որոշակի շահերի բախման մեջ է ու պաշտպանում է ռուսական կողմի շահերը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Վերջինիս, ինչպես նաև Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի համար հանձնաժողովի ներկայացրած փաստարկները հիմնավոր չեն: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը դեմ է նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

Առաջին անհրաժեշտության ապրանքներից մինչև արդյունաբերական ապրանքների թանկացում: ՀԱԱ միության նախագահ Վազգեն Սաֆարյանը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից հետո գնաճ է կանխատեսում: Դեռ էլեկտրաէներգիայի գինը չի բարձրացել, Հայաստանում, սակայն, էլեկտրաէներգիայի սպառումն արդեն նվազել է:
«Անցած տարի նախորդ տարվա համեմատ մենք 97,5 տոկոս ենք ունեցել էլեկտրաէներգիայի իրացում: Դա նշանակում է, որ չորս տոկոսով պակաս էլեկտրաէներգիա է իրացվել: Մենք տեսնում ենք, որ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն էլ են նվազում տարեցտարի»:

ՀԾԿՀ փաստարկները Վազգեն Սաֆարյանին համոզիչ չեն: Փաստարկենրը չեն համոզել նաև գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանին: Նա նշում է ՝ մեկ տարի առաջ էլ, երբ էկելտրաէներգիայի գնի բարձրացման հարցն էր քննարկվում, կրկին նույն փաստարկներն էին բերվում: Ուստի և չի բացառվում, որ ասենք, հաջորդ տարի կրկին էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխության հարց բարձրանա: Մակարյանը ֆիքսել է՝ Հայաստանում բոլոր թանկացումներն անկանկալ են լինում, արդյունքում դրանք խնդիրներ են ստեղծում ոչ միայն շարքային սպառողների, այլ նաև՝ տնտեսվարողների համար.«Սա թույլ չի տալիս, որ տնտեսվարող սուբյեկտները կարողանան իրենց բիզնեսը, ապրանքների միցունակությունը պլանավորել: Մի կողմից մենք թանկացումների ենք գնում և դա անում ենք ամեն տարի ու անկանկալի ենք բերում բոլորին: Ստացվում է, որ տնտեսվարողներն իրենց վերցրած վարկերի, իրենց արտադրանքների թողարկման մեջ կարող են դժվարություններ ունենալ»:

Գագիկ Մակարյանը մեկ այլ դիտարկում էլ ունի, եթե էլեկտրաէներգիան թանկանա, ստվերը ոչ թե կկրճատվի, այլ ընդհգակառակը՝ կավելանա: Բանախոսները չեն կարծում, որ էլեկտրաէներգիայի թանկացումն անխուսափելի է, ելք, նրանք տեսնում են. ՀԱԱ միության նախագահ Վազգեն Սաֆարյանն օրինակ առաջարկում է Երևանի ՋԷԿ-ի երկրորդ բլոկը կառուցել.«Այն 400 մլն դոլար կարժենա, ճապոնական վարկով ՝ 40 տարով, այն կառուցելուց հետո մենք Իրանից 3 խորանարդ մետր հոսանքի դիմաց 9 կվտ ժամ էլեկտրաէներգիա կարող ենք տալ, և մեր բաշխիչ ցանցերին կարող ենք տարեկան տալ մոտավորապես մեկ միլիարդ կտվ ժամ էլեկտրաէներգիա, որը կլինի ասենք մեկ դրամով»:

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը դեմ է նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Վերջինս հաշվարկել ու պարզել է.«Եթե մեկ տարվա ընթացքում 30 դրամից դառնում է 42 դրամ, նշանակում է, որ աճը 12 դրամ է, 12-ի ԱԱՀ-ն կազմում է 2,4 դրամ, 2,4 դրամը, եթե մենք բազմապատկենք մեր սպառած էլեկտրաէներգիայի սպառած ծավալով՝ 6 մլրդ կվտ ժամով, կստացվի 14,4 մլրդ դրամ: Սա պետական բյուջեի համար լրացուցիչ մուտք է էլեկտրաէներգիայի 4 դրամ թանկացումից: Պատկերացրեք, պետությունը այսպիսի մի քանի գործողություն, եթե անի, բյուջեն լցնելու ինչխիսի մեթոդ է, որը կարող է լինել նորից սպառողների հաշվին»:

Միքայել Մելքումյանը կհամաձայնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը պայմանով, եթե հաջորդ տարի ճեղքվածը փակելուց հետո, էլեկտրաէներգիայի սակագինն իջնի: Միայն թե վստահ չէ, սակագնի կամ ընդհանրապես որևէ բարձրացված ապրանքի գնի իջեցման նախադեպ, կարծես թե չունենք: « Դրա համար ասում ենք, չպետք է բարձրանա»:

 

Back to top button