Տնտեսական

Հայ գործարարները ծանոթացան ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների իրականացման համար Երեւանում այսօր քննարկվել են ՀՀ արդյունաբերողներին ու գործարարներին նախապատրաստելու խնդիրները:
Համատեղ նախաձեռնությունը իրականացրել են Ստանդարտների ազգային ինստիտուտն ու ՌԴ տեխնիկական կանոնակարգման եւ չափագիտության դաշնային գործակալությունը: Ռուսական կողմում համոզված են, որ Հայաստանը դժվարությունների չի բախվի, քանի որ ունի բավականին բարձր որակավորմամբ ինժեներական եւ համապատասխան այլ կադրեր:

Եթե որեւէ մեկը ցանկանում է, որ իր արտադրանքը բավարարի ժամանակակից պահանջներին ու լինի մրցունակ, նա պետք է կիրառի լրջորեն մշակված ամենավերջին ստանդարտը: Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերն արդեն մշակվել են: Դրանց համապատասխան ստանդարտների բազան մշակման փուլում է: Այդ գործընթացում արդյունաբերողների փոխգործակցությունը կարեւոր է: Ռոսստանդարտի պետի տեղակալ Ֆյոդոր Բուլիգինի խոսքով` ընդհանուր տեխնիկական կանոնակարգերով ստանդարտների ներդրումը շատ դրական ազդեցություն կունենա ամբողջ տարածաշրջանի զարգացման վրա եւ կխթանի երկրի արդյունաբերության զարգացումը:

Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գառնիկ Բադալյանի խոսքով` ստանդարտների կիրառումը կամավոր է, սակայն, ակնհայտ է, որ եթե ապրանքը պիտի արտահանվի Եվրասիական միության երկրներ, ապա` պիտի համապատասխանի նրա ստանդարտներին: Խնդիրը ոչ սակագնային քաղաքականությանը վերաբերող ընդհանուր պահանջների մասին է, այսինքն` տեխնիկապես ինչպիսին պիտի լինի արտադրանքը, ծառայությունը:

Հայաստանն այսօր ունի 76 տեխնիկական կանոնակարգ: Մաքսային միությունում 34-ն են դրանք, որոնք կիրառվելու են գալիք տարվա հունվարի 1-ից: Հայ արդյունաբերողներն ու գործարարները պետք է նախապատրաստվեն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տարածքում տեխնիկական կանոնակարգման համակարգին: Բանակցություններով կսահմանվեն ժամկետներ, թե որ ապրանքը որքան ժամանակահատվածում պետք է համապատասխանեցվի այդ կանոնակարգերից բխող ստանդարտներին: ՌԴ արդյունաբերողների եւ գործարարների միության ստանդարտացման տեխնիկական կանոնակարգման կոմիտեի ղեկավարի տեղակալ Անդրեյ Լոցմանովի գնահատմամբ` շատ կարեւոր է ստանդարտացման պետական կառույցների հետ փոխգործակցությունը:
«Մենք սերտ կապեր ունենք եւ խնդիրն է Հայաստանի արդյունաբերողներին ու գործարարներին ասել, թե ինչ են իրենցից ներկայացնում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերը:

Մեզ հետ զրույցում Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նկատեց, որ առանձնապես արմատական փոփոխությունների անհրաժեշտություն չկա, քանի որ ադապտացումը մշտապես աստիճանական իրականացվել է: Մեծ ծախսեր բիզնեսի վրա չի նստելու, սակայն ժամանակ անհրաժեշտ է` նշեց Արսեն Ղազարյանը:

 

Back to top button