Մշակույթ

Բաս – սանթուր հայկական ավանդական նվագարանը կկիրառվի երաժշտական դպրոցներում

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Բաս – սանթուրը հայկական ավանդական նվագարններից է: Այն մեծ տարածում է ունեցել հատկապես Արևմտյան Հայաստանում: Սանթուրը որպես ազգային նվագարան կարևորել է Կոմիտասը: Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար Սեդրակ Երկանյանի խոսքով` այս երաժշտական գործիքն ունենալու նախագիծը թերևս վաղուց է եղել, սակայն միջոցներ չկային այն կյանքի կոչելու համար: Մշակույթի նախարարության աջակցությամբ այսօր արդեն գործիքը կա, մնում է կիրառել երաժշտական դպրոցներում:

Ազգային նվագարնների պահպանման հարցը թեև տարիներ առաջ վտանգված էր, սակայն այսօր արդեն խնդիրը մի փոքր լուծվել է մշակույթի նախարարության իրականացրած ծրագրերի միջոցով: Դրանցից է 2007 թվականից երաժշտական դպրոցներում ազգային նվագարանների անվճար ուսուցում կազմակերպելը, իսկ 2013-ից երեխաներին անվճար ժողգործիքների տրամադրումը: Այսօր արդեն ազգային նվագարաններ պատրաստող մեր անվանի վարպետներն իրենց փորձն են փոխանցում շնորհալի փոքրիկներին և հետագայում էլ սովորեցնում նվագել դրանցով:

«Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սեդրակ Երկանյանին միշտ է մտահոգել բուն հայկական սանթուր ունենալու խնդիրը: Այս գործիքին երկար տարիներ փոխարինել է, Երկանյանի ձևակերպմամբ, սահմանափակ ձայնածավալով, աղքատիկ տեմբրային հնարավորություններով ցիմբալը:

«Մտածեցինք ունենալ բուն հայկական սանթուր: Այս գործիքը բացառիկ է նաև նրանով, որ հավելյալ ունի բասային նոր ռեգիստր: Սա բոլորովին նոր բան է, նորարարություն է առհասարակ ժողովրդային նվագարնների ծիրից ներս»:

Բաս- Սանթուրը պատրաստել է Ալբերտ Զաքարյանը: Վարպետը երկար ուսումնասիրություններից հետո նոր միայն տարեկան մեկ — երկու հայկական սանթուր է պատրաստում: Իսկ նոր հնչողությամբ՝ բաս- սանթուր պատրաստելու համար վարպետ Ալբերտն ուսումնասիրել է ֆիզիկայի օրենքները: Արդյունքում՝ պատրաստել է նոր կառուցվածքով գործիք:

Կոմպոզիտոր Սեդրակ Երկանյանի խոսքով` հաշվի առնելով ձայնային հզորությունը` այս գործիքի համար կգրվեն նոր ստեղծագործություններ: Սանթուրահար Թեհմինե Ջերեջյանը երկար տարիներ նվագել է ցիմբալի վրա, իսկ բաս-սանթուր նվագարանին տիրապետում է մեկ ամիս, սակայն այս ընթացքում հաղթահարել է նվագարանի հետ կապված տեխնիկական խնդիրները:

Սանթուրահարը նշեց, որ մեկ ստեղծագործությունը նվագել է երկու գործքիների վրա էլ, և երկու դեպքում էլ զգացողություններն ու լուծումները տարբեր են եղել: Նրա ձևակերպմամբ` այս գործիքը հնարավորություն է տալիս ստեղծագործությանը տալ նոր երանգներ։

Back to top button