ԿարևորՎերլուծական

Ինչո՞ւ է թանկանում էլեկտրաէներգիան

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Նախորդ ողջ շաբաթը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն անցկացրեց խորհրդարանում: Նա հանդիպումներ ունեցավ ԲՀԿ  ու ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Ռոբերտ Նազարյանը խորհրդարանում կլինի նաև երկուշաբթի, քանի որ այդ օրը խորհրդարանական լսումներ են նախատեսվում և թեման նորից նույնն է. էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում: Հանձնաժողովը վերլուծել է էլեկտրաէներգիա արտադրող տարբեր ընկերությունների ծախսային հոդվածներն ու  հանգել այն եզրակացության, որ սակագնի բարձրացումը մոտ 4 դրամով անխուսափելի է: Այս փուլում հանձնաժողովն իր այս եզրակացության պարզաբանումներն է ներակայացնում։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության, ծառայությունների մատուցման, ինչպես նաև սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց: Հանձնաժողովի նախնական գնահատումներոով՝ համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության , ինպես նաև էլեկտրաէներգիայի հուսալի ու անվտանգ ապահովման համար անհարժեշտ է 20 մլրդ  դրամ լրացուցիչ գումար, որը ապահովելու համար էլ պետք է վերանայել սակագինը։

Պատասխանելով մեր հարցին, թե ինչու է հանձանժողովն իր նախաձեռնությամբ սակագնի վերանայման գործընթաց սկսել, Ռոբերտ Նազարյանն օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունը նշեց. հանձնաժողովը կարող է սակագնի վերանայման ուսումնասիրություն սկել երկու հիմքով ՝ հայտի առկայությամբ և առանց դրա՝ սեփական  նախաձեռնությամբ: Ինչո՞ւ հարցին հանձնաժողովի նախագահը համեմատությամբ է պատասխանում. գազամատակարարման ոլորտում, օրինակ, միայն մեկ ընկերություն է գործում, էներգետիկ ոլորտում բազմաթիվ ընկերություններ՝ Ատոմակայանից, Որոտանի կասկադից մինչև բաշխիչ ցացներ։ «Հիմա ես եմ հարց տալիս. կկարողանա՞ որևէ ընկերություն իր սակագնային մարժայից ավելի գնահատական ունենալ և ասել՝ ես հայտ եմ ներկայացնում, որ սպառողի համար սակագինը կարող է լինել այսքան: Մենք բոլոր ընկերություններից գրություններ ենք ստացել սակագնի վերանայման խնդրանքով, ուսումնասիրել ենք ողջ իրավիճակը, ամփոփել ու եկել այն եզրակացության, որ մոտ 4 դրամով սակագինը պետք է բարձրանա»։

Հանձնաժողովի հաշվարկները ցույց  են տվել, որ սակագնի բարձրացումն անխուսափելի է, հակառակ դեպքում՝ ոլորտի ընկերությունները կգնան սնանկացման: Համակարգում  մոտ 20 միլիարդ դրամ ֆինանսական ճեղքվածք է առաջացել, որը փակելու համար անհարժեշտ է վերանայել սակագինը: Իսկ այդ ճեղքվածքի առաջացման պատճառներից մեկը ոլորտի պատասխանատուները համարում են ատոմակայանի  տուրբիններից մեկի 88 օր չաշխատելը:  Սա արդեն բացատրում է հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Կարեն Բաղրամյանը։ «Պահանջարկը բավարարելու համար ատոմակայնի 5 դրամ սակագնով   էլեկտրաէներգիան փոխարինվել է Երևանի ՋԷԿ-ի 31 դրամ արժեքով էլեկտրաէներգիայով: Պարզ թվաբանություն անելով՝ կարել է հաշվել, թե ինչ վնասներ է կրել «Հայաստանյի էլէկտրական ցանցեր»- ը արտադրության կանխատեսվող հաշվեկշռի փոփոխության հետևանքով»։

Այս հաշվարկներն ու իրավիճակը Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ներկայացրել  ու պարզաբանել է նախ ԲՀԿ, ապա ՀՅԴ խմբակցության պատգամավորներին: Երկուսին էլ փաստարկները կարծես չեն բավարարել: ԲՀԿ խմբակցության անդամներից Միքայել Մելքումյանը հանդիպումից հետո հայտարարեց, որ  անընդունելին այն հանգամանքն է , որ բիզնես կառույցների կրած վնասները պետք է  փոխհատուցի սպառողը ՝ ավելի բարձր սակագին վճարելով։

ՀՅԴ համար էլ քննարկումից հետո պարզ է դարձել, որ խնդիրը շատ ավելի ընդգրկուն է և համակարգային: Կա  սոցիալական հարց, քանի որ  ընդամենը 1 տարի առաջ է բարձրացվել էլեկտրաէներգիայի սակագինը, երկրորդ խնդիրը՝ անկանխատեսելիությունն է:  «Բացառված չէ, որ վեց ամիս կամ մեկ տարի հետո դարձյալ առաջ գա սակագնի բարձրացման խնդիրը»,- հանձանժողովի նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարել էր ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը, ու համոզմամբ` կա խնդիր` աուդիտի ենթարկել ողջ էներգետիկ համակարգըն ու ոչ թե իրավիճակային, այլ  համակարգային լուծումներ գտնել։

Ի դեպ՝ ԱԺ ոչ իշխանական քառյակի 12 կետանոց պահանջագրում այս հարցին անդրադարձ չկա։ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասել էր, որ  ոչ իշխանական ուժերն այս  հարցին կանդրադառնան առանձին և միասնական դիրքորոշում կներկայացնեն: Հարցն առաջիկայում կքննարկեն քառյակի հանդիպումների ժամանակ: Այդ քննարկումները թերևս կհաջորդեն նույն թեմայի շուրջ խորհրդարանական մեկ այլ քննարկման: Երկուշաբթի Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը  խորհրդարանական լսումներ է նախաձեռնել էլելկտարաէներգիայի սակագնի բարձրացման խնդրի շուրջ:

Կարդացեք նաև
Close
Back to top button