Բացվեց երեւանյան հերթական մայրուղին (ֆոտոշարք)


Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Խորհրդային տարիներին նախանշված ծրագիրն ի վերջո այսօր կյանքի է կոչվել: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայութամբ բացվել է մայրաքաղաքի կենտրոնից տարանցիկ երթևեկություն ապահովող Ծովակալ Իսակովի պողոտա- Լենինգրադյան փողոց քաղաքային մայրուղին։ Ճանապարհի կառուցմամբ ու շահագործմամբ հնարավորություն է տրվում տրանսպորտային միջոցներից բեռնաթափել ինչպես Կենտրոն վարչական շրջանը, այնպես էլ դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի և Հաղթանակի կամուրջ տանող ճանապարհները: Նոր մայուղին հնարավորություն է տալիս Լենինգրադյան փողոցը անմիջապես կապել Ծովակալ Իսակովի պողոտայի հետ՝ դուրս գալով դեպի օդանավակայանի ճանապարհ ու հարավային հատված: Նոր մայրուղին զերծ է լուսային նշաններից, այն անընդհատ երթևեկության մայրուղին է, թույլատրված արագությունը 70 կմ/ժ է:
Բեռնաթափել Երևանի կենտրոնն ու կառուցել արագընթաց ճանապարհներ: Սա Երևանի քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունն է։ Հերթական մայրուղին, որի բացումն այսօր էր, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ, բեռնաթափելու է երեք վարչական շրջաններ՝ Կենտրոնը, Աջափնյակն ու Մալաթիա Սեբաստիան: 22 ամիս տևած շինարարական աշխատանքներին անմիջական մասնակցություն է ունեցել շուրջ 400 մարդ, հենց նրանց շնորհիվ է, որ ճանապարհն արդեն պատրաստ է։
Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի հատումներում տրանսպորտային հանգույցներ են կառուցվել : Ծովակալ Իսակովի պողոտայի հանգույցն ապահովում է մեքենաների երթևեկությունն առանց հատումների և ստեղծում է տրանսպորտային կապ Իսակովի պողոտայի և նոր մայրուղու միջև: Մայրուղին արագընթաց չէ, սակայն, անընդհատ երթևեկության է: «Մեծ ու կարևոր ձեռքբերում է Երևանի ու երևանցիների համար»,- ասում է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Շինարարական աշխատանքների ընթացքում խնդիրներ եղել են, դրանք, սակայն, մնացել են անցյալում՞ «Կարող ենք ասել, որ այսօր մենք ունենք բարձր որակի և անվտանգ ճանապարհ: Մեր քաղաքացիները հանգիստ կարող են օգտվել այս ճանապարհից: Ուզում եմ շնորհավորել բոլոր երևանցիներին, շնորհակալություն հայտնել բոլոր շինարարներին, նախագծողներին՝ այս ճանապարհը կյանքի կոչելու համար»,- ասում է Տարոն Մարգարյանը։
Թե Երևանի քաղաքապետը, թե շինարական աշխատանքներ կատարած ընկերության ղեկավարը, և թե Երևաննախագիծ ինստիտուտի տնօրենը վստահեցնում են՝ նոր կառուցված ճանապարհը բարձր որակ ունի: Հայաստանի ու, մասնավորապես, Երևանի գրունտային շերտերի մասին հիշեցնում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Համապատասխան կազմակերպությունները կնքված պայմանագրով հինգ տարի սպասարկելու են ճանապարհը։
Ավտոմայրուղին նախագծել է «Երևաննախագիծ» ՓԲԸ- ն։ «Ճանապարհը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշերին, բավականին նորամուծություններ են կիրառվել»,- վստահեցնում է շինարարություն իրականացնող ընկերության՝ «Սահակյանշին» ՓԲԸ տնօրեն Սուրեն Սահակյանը։ Ավտոմայրուղու երթևեկելի մասից ջրահեռացումն ապահովելու նպատակով կառուցվել է 4 կմ երկարությամբ հեղեղատար կոյուղու ցանց:
Ամբողջ մայրուղու տարածքով արտաքին լուսավորության համակարգ է տեղադրվել: Սահակյանը վստահեցնում է՝ հորդառատ անձրևների պատճառով ոչ մի փողոց, ու հատկապես Լենինգրադյանը,աներթևեկելի չեն դառնա։ «Մեծ թողունակություն ունի, նույնիսկ հետագայում, եթե շրջակա տարածքը կառուցապատվեր, անձրևից հետո դուք կտեսնեք, որ ոչ մի կաթիլ ջուր չի մնա»,- ասում է Սուրեն Մահակյանը։
Կանաչապատվել է հինգ հա տարածք, տնկվել է երկու հազար դեկորատիվ ծառ ու թուփ: Կանաչապատ տարածքների խնամքն ապահովելու նպատակով կառուցվել է պոմպակայան և անցկացվել է 12 կմ երկարությամբ ոռոգման ցանց: Երևանի նախկին քաղաքապետ, Երևանի պատվավոր քաղաքացի Մուրադ Մուրադյանը տպավորված է «17 տարվա ընթացքում 11 քաղաքապետ է փոխվել, սակայն ոչ մի հետիոտային հանգույց ու ճանապարհ չի կառուցվել։ Նման մեծ կառույցները միայն քաղաքապետի նախաձեռնությամբ և ուժերով հնարավոր չի իրականացնել, եթե քաղաքապետը ամուր հենարան չունենա, նրան չօգնեն։ Մեծ շնորհակալություն ՀՀ նախագահին, որ թև ու թիկունք է դառնում քաղաքապետին՝ քաղաքաշինական այսպիսի լուրջ խնդիրներին լուծում տալու համար»,- ասաց Մուրադ Մուրադյանը։
Երևանի քաղաքապետարանի պատվերով «Երևաննախագիծ» ընկերությունը նաև Ծովակալ Իսակովի պողոտայից Արշակունյաց պողոտա ընկած հատվածի շինաշխատանքներն է նախագծել: Եւս մեկ 104 մետրանոց կամուրջ կկառուցվի Հրազդան գետի վրա: Նախագիծը պատրաստ է, թե երբ կսկսվեն շինարարական աշխատանքները կսկսվեն, պարզ կդառնա առաջիկայում։