Հասարակություն

Վերանայե՞լ Հայ եկեղեցու պատմության դասագրքի բովանդակությունը, թե՞ ոչ

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Հանրակրթական դպրոցներում Քրիստոնեական բարոյախոսության դասերը և Հայոց եկեղեցու պատմություն դասագիրքի կարևորությանն ու ազդեցությանն են այսօր անդրադարձել ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի հայագիտական և սոցիալ մշակութային առարկաների բաժնի մասնագետ Հասմիկ Մարգարյանն ու հոգեբան-մանկավարժ, «Հայոց եկեղեցու պատմության դպրոցական դասագրքրեի բովանդակային վերլուծությունն ու դրանց ազդեցությունը երիտասարդ սերնդի վրա» ուսումնասիրության համահեղինակ Արմինե Դավթյանը: Շահագրգիռ կողմերից մեկը պնդում էր, թե առարկան գոհացնում է բոլորին, մյուս կողմն էլ պնդում էր, թե իրենք ստացել են բազմաթիվ բողոքներ, քանի որ այդ դասագիրքը ոտնահարում է կրոնական փոքրամասնությունների իրավուքները:

Արդեն 10 տարի է, ինչ Հայաստանի հանրակրթական դպրոցներում դասավանդվում է հայ եկեղեցու պատմություն առարկան: Անցյալ տարի սակայն, ՄԱԿ-ի երեխայի իրավունքների հանձնաժողովը հանդես էր եկել առաջարկով` վերանայել դպրոցներում ուսումնական ծրագիրը` դրանում արտացոլելով բոլոր երեխաների կրոնի ազատությունը և վերացնել Հայ եկեղեցում պատմություն առարկայի պարտադիր դասավանդումը: Խնդրին արձագանքել է նաև ԿԳ նախարարը և հայտարարել, որ արևմտամետ ՀԿ-ները նախարարությանը չեն ստիպի հանել ցածր դասարաններում դասավանդվող քրիստոնեական բարոյախոսության դասերը:

Խոսելով դասագրքի կարևորության մասին` ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի հայագիտական և սոցիալ մշակութային առարկաների բաժնի մասնագետ Հասմիկ Մարգարյանն էլ իր հերթին նշեց, որ Հայ եկեղեցու պատմություն դասագրքում ամբողջացվում է հայ ազգի նկարագիրը, սակայն միևնույն ժամանակ անդրադարձ կա նաև հին կրոններին` զրադաշտականությանը, բուդդայականությանը, քրիստոնեական այլ ուղղություններին:

Հակադարձելով Հասմիկ Մարգարյանին` հոգեբան-մանկավարժ, «Հայոց եկեղեցու պատմության դպրոցական դասագրքրեի բովանդակային վերլուծությունն ու դրանց ազդեցությունը երիտասարդ սերնդի վրա» ուսումնասիրության համահեղինակ Արմինե Դավթյանը նկատեց, որ դասագրքում որոշ նյութեր դոգմատիկ են և երեխաները պարզապես չունեն այլըտրանք: Նա նաև հայտնեց, որ 2012 թվականին հրատարակվել է մի ձեռնարկ, որում անդրադարձել են կրոնական փոքրամասնությունների բողոքներին: Ձեռնարկն ուղարկվել է նաև նախարարություն:

Հակառակ ներկայացված ձեռնարկի`Հասմիկ Մարգարյանը հավաստիացրեց, որ իրենց դասագրքի հետ կապված չունեն և ոչ մի դժգոհություն: Իրենց ստացած արձագանքները բացառապես շնորհակալության տեսքով են: Նա նաև նկատեց, որ կրոնի պատմություն են անցնում նաև Ֆրանսիայում, Իսպանիայում, Իսրայելում:

Արմինե Դավթյանի համար այս պարզաբանումն այնքան էլ համոզիչ չհնչեց, և նա շարունակելով պնդել իր տեսակետը` առաջարկեց վերանայել դասագրքի բովանդակությունը և այլընտրանքի հնարավորություն տալ տարրական դպրոցի բոլոր աշակերտներին:

Back to top button