Մշակույթ

Երիտասարդ երաժիշտները առաջին դուետը՝ հայրենիքում

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

 Հունիսի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հայ հանդիսատեսին կներկայանան ջութակահար Սերգեյ Խաչատրյանն ու թավջութակահար Նարեկ Հախնազարյանը: Երեկոյի ընթացում կհնչի Յոհաննես Բրամսի երաժշտությունը։

Ջութակահար Սերգեյ Խաչատրյան և թավջութակահար Նարեկ Հախնազարյան. երիտասար անուններ, որոնք աշխարհի հայտնի բեմերում են ներկայացնում հայ մշակույթը: Գերմանիայում բնակվող երաժիշտները հերթական անգամ հայրենիքում են։ Երեւանում հունիսի 15- ին նրանք առաջին, սակայն, ինչպես ասացին ոչ վերջին անգամ, դուետով են ներկայանալու հանդիսատեսին։ Շատ մեծանուն բեմերում են նվագել, սակայն հայաստանյան համերգներն ամենահուզառատն են, խոստովանում են։

«Անձամբ ինձ համար Հայաստանում նվագելը հուզիչ է։ Իմ ժողովուրդն է, իմ հայրենիքն է ու իմ տունն է։ Այստեղ պատասխանատվությունը մեծ է»,- ասում է Նարեկը։

Սերգեյը լրացնում է. «Ամեն անգամ Հայաստան նվագելու առանձնահատուկ զգացմունքով ես գալիս, գիտես, որ քո ժողովուրդն է և իրենց համար ես նվագում»։

Երաժիշտները  համարում են, որ իրենց կյանքում անցել են մրցութային ժամանակները,  իրենց համար հաջողություն են հեղինակավոր  նվագախմբերի և երաժիշտների հետ համագործակցելն ու մեծ անուն վայելող բեմերում նվագելը: Նարեկ Հախնազարյանի համար իր հիշարժան ելույթներից են Միլանում  Լա Սկալայի թատրոնի նվագախմբի հետ համերգն ու  «Կարնելի հոլլում»  կայացած մենահամերգը։

Նարեկի հետ դուետով ներկայանալու միտքը ծնվել է Սերգեյի մոտ Միկելիի փառատոնից հետո: Հունիսի 17-ին երաժիշտները կմեկնեն Սանկտ Պետերբուգ, որտեղ Մարինյան թատրոնի նվագախմբի հետ կներկայացնեն նույն այն ծրագիրը, որով հանդես են գալու Երեւանում։: Իսկ արդեն տարվա երկրորդ կեսին Սերգեյ Խաչատրյանին ու Նարեկ Հախնազարյանին կմիանա Սերգեյի քույրը` դաշնակահար Լուսինե Խաչատրյանը,  և տրիոն  արդեն համերգներով հանդես կգա եվրոպական քաղաքներում։

Սերգեյ նվագում է Գվարներիի  1740 թվականին ստեղծած ջութակով։ Նարեկն իր վերջին   թավջութակը նոր է ձեռք բերել, մինչ այդ նվագել է 1698 թվականի իտալական  գործիքի վրա: Նոր գործիքը  2012 թվականի չինական արտադրության է։

Back to top button