Հասարակություն

«Երգող Արմավիր» մանկապատանեկան մրցույթ փառատոնի միջոցով բացահայտում են տաղանդավոր երեխաներին

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիրի մարզ

Արմավիրի մարզում արդեն 2-րդ տարին է, որ անցկացվում է «Երգող Արմավիր» մրցույթ փառատոնը, որը նվիրված էր հաղթանակի ու խաղաղության տոնին: 3 տարիքային խմբում հանրակրթական դպրոցների աշակերտները հանդես են եկել 4 ժանրային կատարումներով և արժանացել  Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի պատվոգրերին ու պարգևներին: Միաժամանակ գովասանագրեր ու դիպլոմներ են հանձնվել դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի մասնակիցներին:

«Երգող Արմավիր» մանկապատանեկան մրցույթ փառատոնը դեռ ապրիլ ամսից մեծ աշխուժություն էր մտցրել  մարզի դպրոցներում, որտեղ աշակերտները փորձում են ցուցադրել իրենց ձայնային ունակությունները :  Փառատոնը կազմակերպվել էր Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախաձեռնությամբ «Արմավիրի մշակույթ, սպորտ, երիտասարդություն» հիմնադրամի աջակցությամբ:  Մրցույթ փաառատոնին մասնակցել են 6-18 տարեկան դպրոցականները, որոնք հանդես են եկել ` հարենասիրական,   հայկական,  ժողովրդական, գուսանական,  աշուղական, , դասական,   հոգևոր ,  ջազային-էստրադային կատարումներով: Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության , մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Նաիրա Սարգսյանը նշեց ,  որ փառատոնի միջոցով  բացահայտում են տաղանդավոր երեխաներին և նրանց համար նոր ճանապարհներ բացում դեպի արվեստի մեծ աշխարհ:

Մրցույթ փառատոնում հատկապես բացահայտում  են  գյուղերում ապրող  տաղանդավոր երեխաներին: 13 –ամյա  Կարեն Կարապետյանը ապրում է Քարակերտում, իր շրջապատում միշտ աչքի է ընկել ձայնային լավ տվյալներով,գյուղում մասնակցել է երգի խմբակների պարապմունքներին, և  արդեն  2 տարի սովորում  է Արմավիրի արվեստի պետական քոլեջում: Սիրում է երգել, բայց միայն երգը չի կարող դառնալ իր մասնագիտությունը, հեռանկարումէ ստոմատոլոգիան է:

«Երգող Արմավիր» մանկապատանեկան մրցույթ փառատոնի գալա համերգում 17 մրցանակակիր երեք տարիքային խմբերում արժանացավ Արմավիրի մարզպետի խրախուսանքին, նրանք ստացան պատվոգրեր և թանկարժեք նվերներ: «Ես հպարտանում եմ, որ այսպիսի տաղանդավոր երեխաներ ունենք, մենք նրանց համար հեքիաթային ապագա ռնք ստեղծելու», — ասաց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամնայանը:

Փառատոնի ավարտին պատվոգրեր, գովասանագրեր ու դիպլոմներ տրվեցին նաև դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի  մասնակիցներին, ինչպես նաև մարզիկներին ու «Ռուսաստանի սիրված երգեր» փառատոնի  Արմավիրի մարզի առաջին մրցանակային տեղերի  դափնեկիրներին:

Back to top button