Մշակույթ

Բարոյական ճգնաժամի թեման՝ «Ոսկե ծիրան» 11-րդի ֆիլմերում

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Եթե նախորդ տարի փառատոնի ֆիլմերի ցանկում զգալի տեղ էին զբաղեցնում ծնող-զավակ բարդ հարաբերություններին նվիրված ֆիլմերը, ապա այս տարի ֆիլմերում գերակշռում է բարոյական ճգնաժամի թեման»,-տեղեկացնում են «Ոսկե ծիրան» երևանյան 11-րդ կինոփառատոնի կազմակերպիչները: Լրագորղների հետ հանդիպմանը նրանք այսօր նշել են, որ փառատոնի ծրագիրն ավանդաբար պահպանում է չորս մրցույթները: Մասնավորապես՝ մրցույթում ընդգրկված ֆիլմերը կներկայացվեն համապատասխանաբար խաղարկային, վավերագրական, Հայկական համայնապատկեր և «Կորիզ»՝ կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգերում:

Շուրջ 95 երկրներից ներկայացված ավելի քան 1500 հայտերից «Ոսկե ծիրան» միջազգային 11-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում մասնակցության համար ընտրվել է ընդհանուր թվով մոտ 70 ֆիլմ, այդ թվում՝ 10-ը խաղարկային , 12-ը ՝ վավերագրական, 18-ը՝ Հայկական համայնապատկեր և մոտ 30-ը՝ «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրերում: Միջազգային վավերագրական մրցույթի ժյուրին այս տարի կղեկավարի իտալահայ ռեժիսոր Երվանդ Ջանիկյանը, «Կորիզ»-ի ժյուրիի նախագահը ՝ կինոգետ Էրեզ Փերին է ՝ Իսրայելից: «Հայկական համայնապատկեր» մրցույթի ժյուրիի նախագահն է ֆրանսիացի կինոքննադատ Ժան –Քրիստոֆ Ֆերարին: Միջազգհային խաղարկային ֆիլմերի մրցույթը կղեկավարի իտալացի կինոքննադատ և պրոդյուսեր Մարկո Մյուլերը:

Ստացվել էր այնպես, որ Խաղարկային մրցույթում ընդգրկված ֆիլմերում անցյալ տարի գերակշռում էր ծնող-զավակ բարդ հարաբերությունների թեման: Ըստ Միքայել Ստամբուլցյանի՝ թեմատիկ առումով խաղարկային ֆիլմերում այս տարի գերակշռում է բարոյական ճգնաժամի խնդիրը:
Փառատոնին մասանակցող հայկական ֆիլմերը թեմատիկ առումով բազմազան են, բայց ինչպես նախկինում, այս տարի ևս հայ ռեժիսորներն ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերել պատմական անցյալին՝ 90-ականներ, արցախյան շարժում, նաև այսօրվա մեր իրականությունը:

Back to top button