Քաղաքական

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել են, որ թույլ չեն տա էլեկտրաէներգիայի նախատեսված թանկացումն իրականություն դառնա

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Այսօր պատգամավորները ավանդական ճեպազրույցներում գնահատել են Աժ-ի անցած քառօրյա աշխատանքին եւ անդրադարձել հասարակությանը հատկապես հուզող խնդիրներին: Հատկանշական է, որ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը այս քառօրյայում բացահատել է անցած Կառավարության հրաժարականի պատճառը: Պատգամավորի գնահատմամբ` բյուջեի կատարողականի քննարկումները ձեւական էին, քանի որ այդ բյուջեն մնացել է «անտեր»: Բացի այդ, աբսուրդ է համարում, երբ տարբեր հանձնաժողովներում քննարկումների ժամանակ ոլորտների ներկայացուցիչները պնդում էին, թե բյուջեն կատարել են 100 բտոկոսով, «այն դեպքում, երբ կառավարությունը հրաժարական էր տվել ծրագրերը չիրականացնելու համար»:

Խորհրդարանական քառյակի իշխանությանն ուղղված 12 կետանոց հայտարարության մեջ թեեւ ընդդիմադիրները չհասցեցին ավելացնել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցը, բայց հայտարարում են. թույլ չեն տա նախատեսված թանկացումն իրականություն դառնա: Բարգավաճ Հայաստան խմբակցությունից պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը նույնիսկ հաշվարկել է եւ պարզել. այս քայլը նաեւ պետական բյուջեն լցնելու արհեստական եղանակ է: Նախատեսված թանկացումից միայն ավելացված արժեքի հարկով բյուջեի մուտքերը կավելանան 14.4 միլիարդով, հայտարարում է պատգամավորը:

«Եթե Հայաստանի էլեկտրական ցանցերը ոչ արդյունավետ աշխատանքի կամ այլ ռիսկերի պատճառով ճեղքվածք ունի 20 միլիարդից ավելի եւ դա մեկ անգամյա գործընթաց է: Այսինքն ինչ է նշանակում` հիմա թանկացնենք այդ ճեղքվածքը փակվի, հետո նորից սակագինը իջեցնելո՞ւ են, իհարկե` ոչ»:

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցով երկուշաբթի կազմակերպվելու են խորհրդարանական լսումներ: Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է, որ իրենց համար էլ շատ բան կա պարզելու:

«Պետք է աշխատենք հնարավորինս պաշտպանել սպառողի շահերը, բայց նաեւ պետք է իրավիճակից ելնելնք, թե արդյոք կա այդ հնարավորությունը, թե` ոչ»:

Ընդդիմադիրներն, ի դեպ, իրենց հայտարարություններում որեւէ առաջարկների մասին չեն խոսում. պարզապես նշում են. այս թանկացումն անթույլատրելի է: Կառավարության համար կարեւոր ցուցիչ կլինի նաեւ պարտադիր կուտակային կենսաթոշակների հետ կապված նոր նախագծի քննարկումը, կարծում է դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը նշելով. իր տեղեկություններով այդ նոր նախագծի վրա աշխատանքները սկսվել են, բայց կառավարության խոստումը` հանձնաժողովում ներգրավել նաեւ ընդդիմադիր պատգամավորներին դեռ իրականություն չի դառնել:

«Նրանք դիմել էին քաղաքական ուժերին, որպեսզի մենք տանք, որպեսզի համատեղ քննարկումների արդյունքում գտնեն ճիշտ լուծումներ: Գոնե մեր խմբակցությունը տվել էր չորս անուն, բայց մինչեւ այսօրնրանց հետ որեւէ կապ չի եղել: Բայց մեզ տեղեկատվություն է հասնում, որ նոր փաթեթի մոդելն արդեն պատրաստ է եւ շուտով Աժ պետք է գա»:

Դաշնակցականների ունեցած լուրը Հանրապետական խմբակցության ղեկավարը հաստատեց: Փաստաթղթի վրա առայժմ աշխատել են միայն իրենց խմբակցությունում, կառավարությունն արդեն հավանության է արժանացրել արված փոփոխությունները, հիմա հերթը հասել է քննարկումներին եւ քաղաքական ուժերը անպայման դրանց մասնակցելու հրավերը կստատան, խոստացավ Վահրամ Բաղդասարյանը: Ի դեպ` 12 կետանոց հայտարարության առումով Հայ Ազգային Կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը թերահավատ է, որ առաջարկներից գոնե կեսը կյանքի կկոչվի: Համենայնդեպս վստահ է. երկու քայլ իշխանությունը հաստատ չի անի` ընտրակարգի առումով չի անցնի 100 տոկոս համամասնականի եւ ընտրությունների հաջորդ օրը չի հրապարակի ընտրությանը մասնակցած ընտրողների անունները:

Հանրապետական խմբակցության ղեկավարը այսօր էլ հորդորեց իր ընդդիմադիր գործընկերներին. պետք չէ իրենց հետ խոսել ժամկետներով` առավել եւս երբ առաջարկների մեծ մասը նաեւ Հանրապետական կուսակցության կամ կառավարության ծրագրերում կան:

«Որեւէ կետ անպատասխան չի մնա: Մենք իրավիճակից ելնելով դրանք կդարձնենք քննարկման առարկա եւ նաեւ կնշենք, թե որոնք են ընդունելի, եւ չի նշանակում, որ այն ամենը ինչ գրնված է պետք է կատարվի իշխանության կողմից»:

Ընդդիմադիրներն իրենց հերթին նշում են. կարող էին ավելի շատ բան գրել կետերում, բայց առաջնորդվել են իրատեսության սկզբունքով. այն ինչ գրվել է եւ առաջարկվել իրատեսական է իրականացնել մինչեւ սեպտեմբերի 30-ը: Վստահեցնում են, որ նշված ժամկետից հետո էլ ունեն մարտավարություն:

«Սեպտեմբերի վերջին քառյակը կհրավիրի հանրահավաք եւ մենք կքննարկենք մեր հետագա քայլերը: Որեւէ տաբու մեզ համար չկա եւ մենք առաջնորդվում ենք փոքր քայլերի հաջողությամբ». Նաիրա Զոհրաբյան:
Արամ Մանուկյան.«Օրինակ ասեմ. Մենք այսօր վստահ կարող ենք ասել, որ մեր համատեղ աշխատանքի արդյունքում ունենք 50-55 ձայն: Վերջին մեկ ամսվա քվեարկությունները հանրապետականի անցել են 66-68 ձայներով: Սա արդյունք է: Երկար ճանապարհ ենք անցել, որ հասել ենք Հանրապետականին 67 ձայն դարձնելուն: Մի քիչ էլ գնանք, կարծում եմ 55 էլ կդառնան: Ես միշտ ասել եմ. Երբեւէ հանրապետականից անցնելու են ընդդիմություն»:

Հանրապետական խմբակցության ղեկավարն, ի դեպ` քվեարկությունների հարցում որեւէ սպառնալիք չի տեսնում, նույնիսկ այն ժամանակ, երբ մի պատգամավորը քվեարկում է ուրիշի փոխարեն:
«Մենք դրա կարիքը չունենք, հավատացեք: Ինչ որ մեկին դուր գալու, ինչ որ պարտականություն իրականցնելու, առանց գիտակցելու ինչ որ քայլ են գնում, այդ ամենը չի կարելի է բարդել մի ամբողջ ֆրակցիայի վրա: Կարեւոր է նման տիպի արջի ծառայություններ չմատուցվի իրենց ընկերներին»:

Back to top button