Տնտեսական

Իրանցի գործարարները ցանկանում են Հայաստանում եգիպտացորեն մշակել

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Ողջունելով հյուրին` նախարար Սերգո Կարապետյանն անդրադարձել է գյուղատնտեսության բնագավառում հայ-իրանական համագործակցությանը, նշելով, որ, ցավոք, կողմերի միջև ստորագրված երկկողմ համագործակցության փաստաթղթերի պահանջների կատարման բնագավառում դեռևս մեծ են չօգտագործված հնարավորություններ, և որ ինքը լիահույս է պարոն դեսպանի աջակցությամբ հնարավորինս ակտիվացնել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:

Որպես առաջին քայլ՝ նախարարն անդրադարձել է Հայաստանում «Հալալ» մակնշմամբ սպանդանոցների շահագործումն արագացնելու խնդրին: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և ներկայացված տեղեկատվության համար` դեսպանը պատրաստակամություն է հայտնել հետևողականորեն շարունակել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն աջակցելը և նպաստել երկկողմ համագործակցության հետագա խորացմանը:

Նախարարը դեսպանին տեղեկացրել է նաև Իրանի գյուղատնտեսության նախարարին այս տարի աշնանը Հայաստան հրավիրելու մտադրության մասին, որը հնարավորություն կընձեռի առավել մանրամասն քննարկել առաջիկա անելիքները և հստակ մոտեցումներ ցուցաբերել կոնկրետ ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Ի պատասխան իրանցի գործարարների կողմից Հայաստանում եգիպտացորենի արտադրությամբ զբաղվելու հետաքրքրություն ունենալու մասին պարոն Ռեյիսիի բարձրացրած հարցի՝ նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցելու նման նախաձեռնություն ունեցող իրանցի բոլոր գործարարներին:

Այնուհետև նախարարն առաջարկեց իրանական կողմին քննարկել նաև իրանական ներդրումներով Հայաստանում կաթիլային ոռոգման սարքավորումների, կարկտապաշտպան ցանցերի արտադրություն կազմակերպելու հարցը:

 

Back to top button