Եղել է ոչ երեկ եւ ոչ հարձակում. ադրբեջանական ապատեղեկատվությունը բացահայտվում է


Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Երեկ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրը, թե իբր հայկական զինուժը հարձակվել է Նախիջևանի շրջանի Լաքաթաղ գյուղի ուղղությամբ, ուր մարտեր են տեղի ունեցել, ինչի հետևանքով ադրբեջանական բանակը կրել է կորուստներ, իսկ մարդիկ ստիպված լքում են իրենց տները, իրականությանը չի համապատասխանում, լրագրողներին այսօր վստահեցրել է քաղաքական վերլուծաբան Լևոն Մելիք- Շահնազարյանը: Նա պատմել է թե ինչն է իրականում տեղի ունեցել:
Հայկական զինված ուժերը վերահսկում է իրավիճակը սահմանին և այն, ինչ ներկայացվում է, իրականում 17 օր առաջ տեղի ունեցած որոշ իրադարձությունների խեղաթյուրված պատկեր է: Իրականում հայկական բանակը մեր պետական սահմանի մի հատվածում առաջ է գնացել՝ զբաղեցնելով նոր դիրքեր։
Լևոն Մելիք- Շահնազարյանը, որ երկու օր առաջ է եղել այդ հատվածում, պատմեց, որ մեր բանակը վերջին 20 տարվա ընթացքում գրանցել է աշխարհագրական ու ռազմավարական հաջողություն: «Այդ հաջողությանը հասել ենք առանց զոհերի: Հայկական բանակը 2 ժամվա ընթացքում կատարել է այն, ինչը անսպասելի էր հակառակորդի համար: Եվ ռազմավարական դիրքը սահմանին ամբողջովին փոխվել է»,- տեղեկացրեց քաղաքական վերլուծաբանը:
Հիմա արդեն ադրբեջանական կողմը խնդիր ունի բացատրելու սեփական հանրությանը, թե ինչ է կատարվել սահմանին։ Քանի որ իրականությունը չեն կարող ներկայացնել, մնում էր մի որևէ սուտ հնարել, ինչն էլ արեցին երեկ ադրբեջանական լրատվամիջոցները: «Հիմա մի ձև պետք է բացատրեն տեղի բնակչությանն ու Բաքվում հետաքրքրվածներին»։
Փառք ու պատիվ մեր հրամանատարությանն ու մեր զինվորներին, ովքեր կարողացան այդ գործողությունն իրականացնել, ոգևորված ասաց Լևոն Մելիք-Շահնազարյանը: «Հայաստանի սահմանի այդ հատվածում ընդհարում չի կարող լինել: Մեր դիրքերն այդտեղ այնպիսին են, որ լուրջ ընդհարումը բացառվում է: Պետք է ասեմ, որ սահմանի այդ հատվածում մեր բնակչությունը մեծ ոգևորություն է ապրում»,- իրականությունը պատմեց վերլուծաբանը:
Նա ոգեշնչված ներկայացրեց, որ դեպքը տեղի է ունեցել 17 օր առաջ լրիվ ուրիշ հատվածում: Մի քանի օր պահվել է այս տեղեկատվությունը, մինչև մի լրագրող նկատել է կատարվածը ու դրանից հետո էլ հնարավոր չի եղել ծածկել այն, ինչ տեղի է ունեցել և ստիպված ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ տեղեկություն են տարածել։
Հայաստանի պաշտպանությունն աշխատում է օր ու գիշեր, ինչը չի կարելի ասել արտաքին դիվանագիտության համար, ասում է վերլուծաբանը: Նա ալարկոտություն ու անտարբերություն է նկատում այս հարթությունում։
Աշխարհին պետք է ներկայացնել իրականուոյունը և ոչ թե հանգիստ նստել՝ մտածելով, թե բոլորն ամեն ինչ գիտեն, ավելացրեց վերլուծաբանը, ով, այդուհանդերձ, վստահություն հայտնեց, որ այսօր պատերազմի հավանականությունը փոքր է:
Նրա կարծիքով՝ մինչև 2025- 27 թվականները ռազամական գործողությունները չեն վերսկսվի, եթե տարածաշրջանում իրավիճակի կտրուկ փոփոխություններ չգրանցվի։