Հասարակություն

Աֆրիկյանների ակումբի ճակատագիրը. ասուլիսից հետո մասնակիցը բերման ենթարկվեց

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Մայրաքաղաքի Տերյան-Պուշկին փողոցների խաչմերուկում գտնվող երկհարկանի շենքն ունի հանրապետկան նշանակության պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ: Այն հայտնվել էր իրացման գոտում դեռևս Հյուսիսային պողոտայի շինարարության ժամանակ։ Շենքի քարերը արդեն համարակալված են եւ քանդման գործընթացն արդեն մեկնարկել է: Աֆրիկյանների ակումբը փրկելու գաղափարի շուրջ ձևավորված նախաձեռնության անդամները այսօր հանդես եկան մամուլի ասուլիսով, որտեղ իրենց մտահոգությունը հայտնեցին շենքի ճակատագրի վերաբերյալ։

Ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանը տպավորված է 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարասկզբին կառուցված այս շենքի գեղեցկությամբ։ Ըստ նրա՝ նախկին տարիներին ապամոնտաժված շենքերը չեն վերականգնվել և կա վտանգ, որ նույն ճակատագիրն սպասում է և Աֆրիկյանների ակումբին: Անցյալի շենքերի վերականգմանը կոչված «Հին Երևան» նախագիծը միֆ է, եզրակացրեց լուսանկարիչը։

Համադրող Սոնա Ասատրյանի համար կարևոր է քաղաքի հիշողության պահպանումը: Բացի ակտիվ պայքարի միջոցներից՝ նախաձեռնության անդամները փորձում են լուծումներ գտնել նաև իրավական դաշտում։ Ապամոնտաժվող շենքի տեղում «Միլենիում Քոնստրակշն» ընկերությունը, ով այս տարածքի սեփականտերն է, ծրագրում է կառուցել 16 հարկանի 2 շենք՝ բնակելի հյուրանոցային համալիր: Ըստ նախաձեռնության անդամների՝ ավելի նպատկահարմար կլիներ այստեղ բացել մշակութային կենտրոն։

Հետգրության կարգով ՝ ասուլիսից հետո նախաձեռնության անդամներրից Վիլեն Գաբրիելյանը բերման ենթարկվեց ոստիկանական բաժին։

Back to top button