Հասարակություն

Սիսիանում տեղի կունենա ԱՊՀ երիտասարդության հարցերի խորհրդի նիստը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Վաղը Սիսիանում կմեկնարկի ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի եռօրյա նիստը, որին կմասնակցեն միավորման 7 երկրներից 6-ի ներկայացուցիչները՝ բացառությամբ Ադրբեջանի։ Այն կտևի հունիսի 12-14-ը: Համաժողովի օրակարգում 14 հարց է, լրագողներին հայտնեց խորհրդի համանախագահ, մեր երկրի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը: «Մասնավորապես՝ քննարկվելու են ԱՊՀ մասնակից պետությունների միջև միջազգային երիտասարդական համագործակցության մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածի ռազմավարության իրագործման 2012-2013 թվականների միջոցառումների ծրագրի իրականացման արդյունքները, երիտասարդության հիմնախնդիրների ուսումնասիրման նպատակով միասնական հետազոտական ցանցի ստեղծման հնարավորությունը, իրականացվելու է փորձի փոխանակում երիտասարդական քաղաքականության ոլորտում նորմատիվ իրավական ակտերի մշակման, գյուղական երիտասարդության զբաղվածության հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, ներկայացվելու է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող երիտասարդական պետական քաղաքականությունը»։

Ըստ փոխնախարարի՝ երիտասարդության խնդիրները ամբողջ աշխարհում նույնական են և դրանց լուծումը պահանջում է ջանքերի համատեղում նոր բանաձևեր, նոր ճանապարհներ գտնելու գործում:

2006 թվականից գործող ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհուրդն արդեն երրորդ անգամ է իր նիստը գումարում Հայաստանում և ամեն անգամ այս հավաքներն անցնում են արդյունավետ, նկատեց ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչ Տատյանա Կովալյովան։ Միշտ այստեղ հնչում են հրաշալի նախաձեռնություններ, որոնք հետագայում դառնում են խորհրդի որոշում և իրագործվում են համագործակցության երկրներում, նշեց գործկոմի ներկայացուցիչը:

Back to top button