ԿարևորՔաղաքական

Սեյրան Օհանյանը՝ ԱԺ- ում. «Սահմանային իրավիճակի յուրաքանչյուր հատվածի համար մենք ունենք եւ ռազմավարություն, եւ պահի համար մարտավարություն»

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Այս շաբաթվա սկզբում Աժ նախագահ Գալուստ Սահակյանը, ի պատասխան ընդդիմադիր պատգամավորների պնդումներին, պահանջներին եւ հարցադրումներին, խոստացավ. հուզող բոլոր հարցերի պատասխանները կստանան անձամբ արտաքին գործերի նախարարից չորեքշաբթի` հարց ու պատասխանի ժամանակ: Արտգործնախարարը, սակայն, այսօր նշված ժամին խորհրդարանում չէր: Գալուստ Սահակյանն ասաց, որ հարգելի պատճառով (ԱԳ նախարարը ուղեկցում է ՀՀ նախագահին Ավստրիա պաշտոնական այցի շրջանակներում, խմբ)։ Հիշեցնենք. ընդդիմադիր պատգամավորները պարզաբանումներ են պահանջում Աստանայի գագաթաժողովում տեղի ունեցածից եւ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացից: Եթե արտգործնախարարից հարցեր ճշտել չհաջողվեց, ապա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ստիպված էր պարզաբանել. արդյո՞ք հունիսի 10-ին կայացած ՀԱՊԿ ՊՆ խորհրդի նիստում հայկական կողմը բարձրաձայնել է սահմաններում Ադրբեջանի կողմից հրահրվող լարվածության դեպքերը:

«Հավաքական ուժերը այսօր ավելի մեծ գործողությունների համար են: Ես շատ դեպքերում չեմ հասկանում, որ յուրաքանչյուր կրակոցի կամ յուրաքանչյուր խախտման համար ՀԱՊԿ-ն պետք է արձագանքի»,- հայտարարեց պաշտպանության նախարարը։Իսկ ընդհանրապես՝ Սեյրան Օհանյանը տեղեկացրեց. «Սահմաններում այսօր կայուն լարված իրավիճակ է եւ այն նորություն չէ մեզ համար»: Նախարարը հիշեցրեց՝ հաստատված խաղաղություն չկա եւ դրան հասնելու համար անհրաժեշտ է առաջին հերթին լուծել դիպուկահարներին սահմաններից հետ քաշելու հարցը:

Ի դեպ` հայկական կողմը միջազգային կառույցներին բազմիցս առաջարկել է ստուգել, թե որ կողմն է հրահրում լարվածությունը։ «Սահմանային իրավիճակի յուրաքանչյուր հատվածի համար մենք ունենք եւ ռազմավարություն, եւ պահի համար մարտավարություն: Ուզում եմ հավաստիացնել, որ պատասխանները շատ խիստ են լինում, շատ դեպքերում նույնիսկ կանխարգելում են: Եթե հարցը վերաբերում է վերջին զոհերին, որ մենք ունեցանք նախիջեւանյան հատվածում, ապա մեր մարտավարությունն այդ հատվածում այնպիսինն է, որ ամեն ինչ անենք լարվածության եւս մեկ օջախ չստեղծելու համար: Չնայած նրան, որ այլ հատվածներում մենք այլ խնդիրներ ենք իրականացնում: Այսօր ՀՀ ԶՈՒ մարտական հերթապահություն են կրում պատրաստ լինելու մարտական հերթապահությունից անցնելու մարտական գործողությունների` առաջին հերթին պաշտպանական եւ հետո հակահարձակողական գործողությունների: Պաշտպանողական եւ հակահարձակվողական գործողությունների համար այսօր մեր դիրքերը լիարժեք պատրաստ են, որպեսզի նաեւ կանխարգելենք հակառակորդի հնարավոր` այսօրվա դասական ոճով, լայնածավալ մարտական գործողությունները»:

Կառավարությունն այսօր ստիպված էր պարզաբանումներ տալ նաեւ էներգետիկ համակարգում սպասվող թանկացումների առնչությամբ: Դաշնակցությունից պատգամավոր Արծվիկ Մինասյանը մինչ այդ նշեց, որ այսօր հանդիպել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների հետ: Թանկացումը նախաձեռնած հանձնաժողովից տեղեկացել են, որ համակարգում առաջացած մոտ 20 միլիարդ դրամի ճեղքվածքը փակելու անհրաժեշտությունից է առաջացել թանկացումների նախաձեռնությունը: «Ի՞նչ է ստացվում։ Մեկ տարվա կամ մինչ այժմ կուտակված 18 միլիարդ դրամի համար մենք բարձրացնում ենք անժամկետ սակագինը, որ ի՞նչ լինի: Ասենք` հետագայում ինչպես են գերշահույթները հետ վերադարձնելու, օրինակ: Կամ մեկ տարվա ընթացքում դա ի վերջո փակվելո՞ւ է, բա հաջո՞րդ տարի ինչ է լինելու: Այսինքն` հաջորդ տարի նորից հետ ենք գալու ցածր սակագնի՞ն»։

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը Աժ-ի ամբիոնից խոստովանեց՝ կառավարությունը եւ նախարարությունը գիտակցում են հարցի հնչեղությունը, բայց այլ ելք չունեն։ «Կարող եմ հավաստիացնել, որ այս պահին համակարգի բոլոր ընկերություններում իրականացվում են տնտեսական ու ֆինանսական ուսումնասիրություններ: Ուսումնասիրությունների ավարտից հետո մենք նախատեսում ենք էներգետիկայի համակարգում ծախսերը դարձնել ավելի թափանցիկ ու տեսանելի, անհրաժեշտության դեպքում համապատասխան առաջարկություններ կներկացվեն օրենսդրական դաշտի փոփոխության համար»,- եզրափակեց նախարարը։

Back to top button