Հասարակություն

Պարտադիր կուտակայինից հրաժարվող ու խնդրի առջեւ կանգնած որեւէ քաղաքացի չի դիմել Արհմիությունների կոնֆեդերացիա

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր բաղադրիչից հրաժարվող ու աշխատանքը կորցնելու վտանգի առջև կանգնած և ոչ մի քաղաքացի չի դիմել Արհմիությունների կոնֆեդերացիա ու չի փորձել վերջիններիս միջոցով պաշտպանել իր իրավունքը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Արհմիությսւնների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խառատյանը: Արհմիությսւնների կոնֆեդերացիայի իրավաբանական վարչության պետ Միքայել Փիլիպոսյանն էլ նշել է, որ «Հայաստանում աշխատողները համարձակություն չունեն, ուստի և չեն կարողանում պաշտպանել իրենց տարրական իրավունքները»:

Հրաժարվելով կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչից, կկորցնես նաև աշխատանքդ: Նման վերնագրով ու բովանդակությամբ հրապարակումների վերջին շրջանում հաճախ ենք հանդիպում: Աշխատողները, չցանկանալով կորցնել աշխատանքը, շատ հաճախ ոչ իրենց կամքով դառնում են պարտադիր բաղադրիչի մասնակից: Աշխատող քաղաքցիների իրավունքները մեր երկրում պաշտպանող շատ կառույցներ չկան: Քչերից մեկը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան է, որի անդամները վստահեցնում են, որ կարող են պաշտպանել աշխատող քաղաքացու իրավունքները: Արհմիությսւնների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խառատյանը վստահեցնում է, որ որևէ աշխատող քաղաքացի չի դիմել իրենց ու դժգոհել, որ ինքը պարտադիր բացադրիչի մասնակից է ոչ իր կամքով. «Տարբեր հարցերով դիմումներ ստանում ենք, բայց կոնկրետ կոտտակայինի հետ կապված, ոչ, նման հարցով մեզ ոչ գրավոր, ոչ էլ բանավոր չեն դիմել»:

Արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական վարչության պետ Միքայել Փիլիպոսյանը նախ շեշտում է, որ խորհրդատվությունն իրենք անվճար են մատուցում, ամեն օր հեռախոսով շուրջ տասը զանգի են պատասխանում, անձամբ արհմիությունների կոնֆեդերացիա ներկայանում է մեկ կամ երկու քաղաքացի: Հիմնականում խախտվում են աշխատողին տարիներով արձակուրդ չտրամադրելու, նրան չվճարելու, աշխատանքի ընդունվելիս աշխատանքային պայմանագիր չկնքելու իրավունքները: Մեր երկրում աշխատանքային հարաբերությունները ընկերական հարթությամբ են ավարտվում, ասում է Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խառատյանը.
«Շատ հաճախ աշխատանքային հարաբերություններում գործատուն կանչում է աշխատողին և հրահանգում է դիմում գրել, քո հետ չեմ ուզում աշխատել, դիմումը գրում է, հետո է մտածում, թե ինչ անի»:

«Հայաստանում աշխատողները համարձակություն չունեն, ուստի և չեն կարողանում պաշտպանել իրենց տարրական իրավունքները», — հայտարարում է Արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական վարչության պետ Միքայել Փիլիպոսյանը.«Վախը նրանց սրտում կա, մեզ մոտ դիմածների կեսից ավելի իրականում խախտումներ են արել գործատուները: Շատ հաճախ աշխատողն ինքն է հրաժարվում, երբ ուսումնաիսրում ենք, ետսնումե նք, որ իրականում խախտումը ակնհայտ է, մեր օգնությունն ենք առաջարկում, բայց նա հրաժարվում է: Ասում է ես չեմ ուզում, նույնիսկ չի ցանկանում ասել, թե որտեղ է աշխատում, չի ուզում գործատուի անունը տալ»:

Մասնագետները աշխատողներին կոչ են անում տեր կանգնել իրենց իրավունքներին ու երբևէ չվախենալ ճշմարտությունը բարձրաձայնելիս:

Back to top button