ԿարևորՔաղաքական

Ուկրաինայի եվրոպական ուղուն այլընտրանք չկա, ասում է ՀՀ- ում այս երկրի դեսպան Իվան Կուխտան

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանում եւ Ուկրաինայում կա փոխըմբռնում` կապված այն  պայմանների հետ, որունցում ապրում են նրանք: Այս համոզմունքն այսօր բարձրաձայնել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան` «Աշխարհը եւ մենք» ծրագրի շրջանակներում Մամուլի ազգային ակումբի կազմակերպած ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցին։ Դեսպանը շեշտել է, որ Ուկրաինան դեռ 93 թվականին հստակ հայտարարել է, որ Ղարաբաղյան խնդրով ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին։ Դրան համապատասխան էլ Ուկրաինան ընդունել է իր քվեարկությունների եւ այլ հարցերի հետ կապված որոշումները,-նշել է դեսպանը: Իվան Կուխտան շեշտել է, որ սա Ուկրաինայի հստակ  եւ հասկանալի դիրքորոշումն է` ԵԱՀԿ Մինսկի խումբը երկար ժամանակ զբաղվում է հակամարտությամբ եւ, հավանաբար, նա բոլորից լավ գիտե, թե ինչպես լուծել այդ հակամարտությունը:    

Ինչ հանգամանքներ ստիպեցին, որ Հայաստանում Ուկրաինայի դեսպանը վերադառնա իր պարտականությունների կատարմանը: Ի պատասխան հարցին` Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան նշեց, որ Ուկրաինայում մայիսի 25-ին կայացած նախագահական ընտրություններից երկու օր անց Հայաստանի նախագահը շնորհավորեց ընտրված նախագահին։ «Ուկրաինան սա գնահատեց իբրեւ բարեկամական քայլ, եւ այս շնորհավորանքով ինքնին Հայաստանը ճանաչեց ընտրություններն ու դրանց արդյունքները, եւ դրա համար էլ դեսպանը վերադարձավ»։

Հիշեցնենք, որ Հայաստանում Ուկրաինայի դեսպանը հետ էր կանչվել խորհրդակցությունների` ի պատասխան ՄԱԿ-ում Ուկրաինայի հարցով Հայաստանի քվեարկության: «Նման քաղաքական որոշում էր ընդունել  մեր ղեկավարությունը»,-վերահաստատեց Իվան Կուխտան` շեշտելով նաեւ, որ դա հասցեագրված էր ոչ թե Հայաստանին, այլ` հասցեագրված էր Հայաստանի դիրքորոշմանը:

Անդրադառնալով մայիսի 25-ին Ուկրաինայում կայացած նախագահական ընտրություններին` Իվան Կուխտան շեշտեց, թե ընտրողները դրանց մեծ խանդավառությամբ մասնակցեցին: Դեսպանն այդ ընտրությունները  բնութագրեց «ամենաժողովրդավարական» եւ «ամենահայրենասիրական» տերմիններով: Նա համոզմունք հայտնեց, որ Ուկրաինային սպասվում է լուսավոր ու խաղաղ ապագա եւ լավ հեռանկար:

Արձագանքելով նոր նախագահով պայմանավորված քաղաքական փոփոխությունների վերաբերյալ հարցին` դեսպանը նախ նկատեց, որ նախագահը ընդամենը 3 օր է ստանձնել իր պարտավորությունները, ուստի այդ ընթացքում չէին կարող տեղի ունենալ փոփոխություններ՝ հատկապես ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ: Իվան Կուխտան միաժամանակ հիշեցրեց, որ երդմնակալության ժամանակ նախագահը հանդես է եկել ծրագրային ելույթով` շարադրելով իր մոտեցումները` ներքին եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ:

Դեսպանի փոխանցմամբ` Ուկրաինան, մասնավորապես, ԵՄ-ի հետ ասոցացման ընտրություն է կատարել եւ դա չի փոխվելու, ինչպես շեշտել է իր ծրագրային ելույթում նորընտիր նախագահը: Ակնկալվում է, որ երկիրն առաջիկայում կստորագրի ասոցացման համաձայնագրի երկրորդ` տնտեսական  մասը եւ դա ԵՄ լիիրավ անդամ դառնալու առաջին քայլն է։ «Նախագահը հստակ հայտարարեց, որ Ուկրաինայի զարգացմանն  ուրիշ այլընտրանքային ճանապարհ չկա, բացի Եվրոպական ընտրությանից»։

Նախագահական ընտրություններում բավականին շատ քաղաքացիներ քվեարկել են հատկապես հանուն Ուկրաինայի տարածքային ամբողջականության, Եվրոպական ընտրության եւ կայունության համար, հավելեց դեսպանը: Իվան Կուխտան ասուլիսի ընթացքում տարբեր առիթներով անդրադառնալով հայ- ուկրաինական հարաբերություններին` մի քանի անգամ շեշտեց, որ դրանք չեն փոխվել, ավելին` միանշանակ միայն կընդլայնվեն ու կամրապնդվեն, քանի որ դրանում շահագրգռված են թե Ուկրաինան, թե Հայաստանը։

Երկկողմ հարաբերություններում որոշակի խնդիրներ կծագեն` պայմանավորված երկու երկրների տարբեր ուղղությունների ընտրանքով, սակայն, դեսպանի համոզմամբ, դրանք լուծելի հարցեր են. պարզապես անհրաժեշտ կլինի կարգավորել երկկողմ հարաբերություններով: Խոսքն առաջին հերթին տնտեսական խնդիրների մասին է, քանի որ երկուստեք կա տնտեսական հարաբերությունները ընդլանելու, խորացնելու եւ զարգացնելու շահագրգռվածություն: «Չեմ կարծում, թե ինչ-որ երրորդ գործոն կարող է ազդել մեր երկոկղմ հարաբերությունների վրա»,- իր խոսքը եզրափակեց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան։

Back to top button