Քաղաքական

Նազարբաեւի ելույթից մինչեւ Միկոյանի արձանի տեղադրման հարց. ՀՀԿ եւ ԲՀԿ պատգամավորների կարծիքները

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Աստանա-Անաստաս Միկոյան. այս օրերին թերևս ամենաթեժ քննարկումների թիրախում հայտնված նշված թեմաների շուրջ այսօր իրենց տեսակետներն են կիսել ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանն ու Բարգավաճ Հայաստան խմբակցության անդամ Արագած Ախոյանը:

«Արտառոց ոչինչ չի կատարվել, ինչպես իր ելույթում նշեց հանրապետության նախագահը՝ Նազարբաևի ասածը տհաճ էր, բայց ոչ վնասակար». ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանի մեկնաբանությունն է Աստանայում տեղի ունեցած հայտնի միջադեպի վերաբերյալ: «Աստանան ռազբորկայի տեղ չէր, որ Սերժ Սարգսյանը պատասխաներ Ղազախստանի նախագահին, սա քաղաքականություն է»,-իր հերթին հավելում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արագած Ախոյանը:

«Որքանով է արդյունավետ Հայաստանի անդամակցումը այն միությանը, որտեղ Ղազախստանի նախագահն ակնհայտորեն ստանձնել է Ադրբեջանի փաստաբանի դերը»,-հարցին հանրապետական պատգամավորի պատասխանն այսպիսին է.«Չեմ կարծում, որ Նազաբաևի հեղինակությունը սրանով բարձրացավ: Սա անհարկի հարցադրում էր, որը չէր առնչվում տվյալ կազմակերպության ստեղծմանը: Համոզված եմ, որ Ռուսաստանն ու Բելառուսն էլ ունեն իրենց դիրքորոշումը և նրանք ևս համաձայն չէին, որ այդ պահին բարձրացվեր նման հարց»:

Արագած Ախոյանն առավել քան համոզված է, որ կուլիսներում Ռուսաստանն ու Բելոռուսը Նազարբաևին, ինչպես ասում է, կդնեն իր տեղը և խորհուրդ կտան զբաղվել այն գործով, որին կոչված է տվյալ միության շրջանակներում: Աստանայից վերադառնանք Երևան, որտեղ ամենաթեժ կրքերը դարձյալ Միկոյանի արձանի շուրջ են: Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորը խնդրին մոտենում է հռետորական հարցադրմամբ.«Աշխարհում կա մեկ այլ ժողովուրդ, որի համար մի մարդը հերոս է, մյուսի համար՝ թշնամի»:

«Անաստաս Միկոյանը ազգությամբ հայ էր և գերտերության երկորոդ դեմքը». ըստ Տաճատ Վարդապետյանի՝ սա արդեն բավարար հիմք է, որպեսզի Երևանում տեղադրվի Միկոյանի արձանը: Հնչում է հարց՝ արդյոք այդ սկզբունքով Երևանում մի օր էլ կարող է հայտնվել Քիմ Քարդաշյանի արձանը, չէ որ նա էլ ազգությամբ հայ է և ոչ պակաս հայտնի: Կամ կդնեինք արդյոք Ստալինի արձանը, եթե վերջինը լիներ ազգությամբ հայ, չէ որ խորհրդային երկու գործիչներն էլ ի վերջո մեղադրվում են հարյուր հազարավոր անմեղ մարդկանց սպանության մեջ:
«Եթե ոչ Հայաստանը կամ խորհրդային միության մյուս հանրապետությունները, ապա Ռուսաստանը մի օր անպայման կդնի Ստալինի արձանը, որովհետև նա հզոր հայրենիք ստեղծեց նրանց համար»,-ասում է Արագած Ախոյանը:

Քիմ Քարդաշյանի երևանյան արձանի հարցում Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավորն առավել սկզբունքային է. «Դա տեղի կունենա միայն այն ժամանակ, եթե մենք հրաժարվենք մեր ազգային արժեքներից»,-ասում է:

Back to top button