ԿարևորՔաղաքական

Բյուջեի կատարողականի քննարկումը դարձավ Տիգրան Սարգսյանի կառավարության գործի ամփոփում

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Խորհրդարանն այսօր շարունակել է «Բյուջե 2013-ի» կատարողականի քննարկումը: ԱԺ խմբակցություններն ներկայացրել ու հիմնավորել են այն դիրքորոշումները, որոնցով առաջնորդվելու են փաստաթղթի քվեարկության ժամանակ: Նախորդ տարվա բյուջեի կատարման մասին հաշվետվությունը կքվեարկվի վաղը, բայց այսօր արդեն խորհրդարանական ոչ իշխանական ուժերը հայտարարել են, որ դեմ են քվեարկելու, մեծամասնությունը պաշտպանելու է փաստաթուղթը: Չի շրջանցվել հանգամանքը, որ նախորդ տարվա բյուջեն կազմել ու իրագործել է Տիգրան Սարգսյանի կառավարությունը: 

2013-ի բյուջեն կազմել և իրականացրել է 2 ամիս առաջ հրաժարական տված Տիգրան Սարգսյանի կառավարությունը, ուստի բյուջեի կատարողականը հարմար առիթ է նախորդ վարչապետի ու կառավարության գործունեությունն ամփոփելու համար: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ նախորդ կառավարությունն ու նրա ղեկավարն ամենասկանդալայինն էին երրորդ հանրապետության պատմության մեջ: Կարծիքը հիմնավորելու համար Փաշինյանը բացթողումների, իսկ իր ձևակերպմամբ սկանդալների թոփ-տասնյակ էր կազմել: 10-րդ տեղում 2008թ. ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունն էր, որ պետք է հնարավորինս քիչ խոսել ճգնաժամի և այն աղետի մասին, որը սպասվում է Հայաստանին: «Ինչո՞ւ է այդ հայտարարությունը սկանդալային, որովհետև 2008թ., երբ ճգնաժամը մտել էր մարդկանց տները, վարչապետը հույս ուներ, որ այն հնարավոր է շրջանցել և ի՞նչ էր առաջարկում. չխոսել դրանց մասին»:

Փաշինյանը թոփ տասնյակում տեղավորել էր նաև Տիգրան Սարգսյանի կառավարության անդամներից Հրայր Թովմասյանի, ով այսօր ղեկավարում է ԱԺ աշխատակազմը, թույլ տված այն արտահայտությունը, որ հնչել էր ԱԺ պատգամավորների 1/3-ի հասցեին: «Ասել էր՝ ղալաթ են անում, այն դեպքում, երբ պատգամավորների մեկ երրորդն ընդամենը ցանկանում էր իրացնել արտահերթ նիստ հրավիրելու իր իրավունքը»։

Գազի դիմաց կուտակված 300 մլն պարտքը, «Նաիրիրտի» պատմությունը, կուտակային կենսաթոշակների բարեփոխումները, արագաչափեր ու կարմիր գծերը, վարչապետի անվան հետ կապվող օֆշորային սկանդալը, վերջինը Փաշինյանի կազմած տասնյակի առաջին հորիզոնականում էր:

Այն, որ ԲՀԿ-ն Տիգրան Սարգսյանի կառավարությունից մեղմ ասած գոհ չէ, կարծես թե ակնհայտ է, իսկ որ կատարողականի քննարկման առիթը կօգտագործեր նախորդ կառավարության բացթողումների մասին խոսելու համար, նաև կանխատեսելի էր: Միքայել Մելքոնյանի ձևակերպմամբ ՝ բյուջեի կատարումը գնահատելու չափանիշը մեկն է՝ որքանով է ավելացել քաղաքացու բարեկեցությունը: Նաիրա Զոհրաբյանին այլ բան է զարմացնում՝ կատարողականի ցուցանիշները հիմնականում կատարվել են, եկամուտները՝ գրեթե 100 տոկոսով, ծախսերը՝ նույնպես: Ըստ հաշվետվության թվերի՝ ամեն ինչ կարծես թե լավ է։ «Եթե ամեն ինչ այդքան լավ է, ապա ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ, ինչո՞ւ հնարավոր չեղավ ապահովել նախատեսված տնտեսական աճը»:

Նույն հարցի վերաբերյալ մասնագիտական դիտողություններ ուներ Հրանտ Բագրատյանը: Ընդհանուր առմամբ ՝ նախկին վարչապետը դժգոհ է պրոֆեսիոնալիզմի պակասից. կառավարությունը թվեր է ներկայացնում, թե քանի տոկսոսով են կատարվել եկամուտներն ու ծախսերը, բայց մասնագիտական վերլությոծություններ չի ներկայացնում: Իսկ Բագրատյանն ասում է, որ կատարվել է թե չի կատարվել հարցը երկրորդական է, առաջնայինն այն է, թե ինչպես կամ ինչի հաշվին են կատարվել ցուցանիշները:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, մեծամասնության դիրքորոշումը ներկայացնելով, նախընտրեց փաստաթղթին չառնչվող դիտարկումներին չանդրադառնալ ու խոսել միայն թվերով: «Թեկուզև 2013-ին տնտեսական աճի տեմպերը դանդաղել են, բայց աճը, այդուհանդերձ, շարունակվել ։ Իսկ տնտեսական աճի դանդաղման պատճառ է դարձել հարևան երկրներում, հետևաբար նաև՝ ՀՀ-ում գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումը»:

Հանրապետական պատգամավորը նաև վստահեցրեց՝ նոր կառավարությունը սոցիալ-տնտեսական իրավիճակը բարելավելու է, իսկ ՀՀԿ-ն բյուջեի կատարողականին կողմ է քվեարկելու: Ոչ իշխանական ուժերը, ինչպես այսօր հայտարարեցին ու ինչպես որոշել էին քառյակի նախորդ նիստերից մեկի ժամանակ, միասնաբար դեմ կքվերակեն: Քվեարկությունը վաղն է:

 

Back to top button