Մշակույթ

Բացվեց ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային մեներգիչ Ավագ Պետրոսյանի հուշարձանը

Աիդա Ավետիսյան
«Ռադիլուր»

Այսօր Երևանի Ավագ Պետրոսյանի անունը կրող փողոցում բացվեց Հայաստանի ժողովրդական արտիստ, օպերային մեներգիչ Ավագ Պետրոսյանի հուշարձանը: Քանդակի ճարտարապտը Լևոն Ղալումյանն է, քանդակագործը Տիգրան Արզումանյանը:

Ավագ Պետրոսյան: Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ, դրամատիկական տենոր: Նրա ստեղծագործական ողջ կյանքը կապված է հայ օպերային խաղացանկի ամենանշանակալի ստեղծագործությունների հետ: Ազգային օպերաններում մի շարք դերերգերի առաջին կատարողն է. Սանթուր` Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ»-ում, Տիրիթ` Տիգրան Չուխաճյանի «Արշակ երկրորդ»ում, Վարդան Տիգրանյանի «Սոս և Վարդիթեռ» — ում Սոսի մեներգը և շատ ու շատ այլ դերերգեր: Կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի « Հերոսուհին» օպերայում Վահանի դերերգի համար Ավագ Պետրոսյանը ստացել է Խորհրդային միության պետական մրցանակ: Ավագ Պետրոսյանի համերգային երգացանկում առկա էին հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների բազմաթիվ ստեղծագործություններ: Հայկական ժողովրդական երգեր էր կատարում Հայաստանի պետական երգչախմբում:

Այսօր Երևանի նրա անունը կրող փողոցի առաջնամասում ի նշանավորումն 100-ամյակի բացվեց երգչի արձանը: Ավագ Պետրոսյանի որդու` Արա Պետորսյանի խոսքերով` հոր վաստակը հայ արվեստասեր հասարակության շրջանում մեծ է և նրա կատարումները մինչ օրս ժողովրդի սրտերում են և փոխանցվում են սերնդեսերունդ: Ավագ Պետրոսյանից այսօրվա երգիչները, ըստ Արա Պետրոսյանի, շատ բան ունեն սովորելու:
«Այսօրվա կատարողների առաջնակարգ դերը պետք է լինի պրոֆեսիոնալիզմը և չշտապեն, խորանան իրենց մասնագիտության մեջ: Իսկ ընդօրինակելով` ամեն մի արվեստագետ պետք է իրենը մտցնի, իհարկե շեշտը դնելով ազգային երգարվեստի վրա»:

Ավագ Պետրոսյանի կերտած դերերից դերասան Երվանդ Ղազանչյանն առանձնացնում է «Անուշ» օպերայում մարմնավորած Սարոյի կերպարը: Նրա բեմական գործունեության գլուխգործոցներից էր այս կերպարը, ասում է Երվանդ Ղազանչյանն ու նշում, որ այստեղ են ի հայտ եկել նրա վոկալ-մասնագիտական ու դերասանական լավագույն առանձնահատկությունները:

Ավագ Պետրոսյանի հուշաքարի քանդակագործ Տիգրան Արզումանյանի համար Ավագ Պետրոսյանն այն օպերային երգիչներից է, ով անմահացրել է Սարոյի կերպարը: Քանդակագործի խոսքով`գեղարվեստական ոճով քանդակած բրոնզե արձանն իրենց կողմից նվիրատվություն էր մեր մայրաքաղաքին:
Գործընկերների խոսքով` Ավագ Պետրոսյանի ազգային երգարվեստի նվիրյալի ու խանդավառ տարածողի անունը հավերժ կմնա հայ
կատարողական արվեստի պատմության մեջ:

Back to top button