Միջազգային

Քնեսեթում ընտրում են Իսրայելի 10-րդ նախագահին

Իսրայելի խորհրդարանականներն այսօր 5 թեկնածուներից կընտրեն երկրի նոր նախագահ, ով կփոխարինի Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Շիմոն Պերեսին. վերջինս ավարտում է կառավարման 7-ամյա ժամկետը,-հայտնում է RIA Novosti-ն: Ընտրությունների ֆավորիտ է համարվում աջ ճամբարի միակ ներկայացուցիչը հնգյակում՝ Ռեուվեն Ռիվլինը: Նրա թեկնածությանը, չնայած փոխադարձ հակակրանքին, աջակցել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Թեկնածուն ծագումով Երուսաղեմից է, հանդիսանում է օկուպացված արաբական հողերից հեռանալու հակառակորդ: 74-ամյա Ռիվլինը երկու անգամ դարձել է Կնեսետի խոսնակ և մեկ անգամ մասնակցել կառավարության աշխատանքին կապի նախարարի պաշտոնում: 7 տարի առաջ նա պայքարել է նախագահի պաշտոնի համար, սակայն զիջել Պերեսին: Նշենք՝ Իսրայելը խորհրդարանական հանրապետություն է: Պետության ղեկավարն օժտված է հիմնականում ներկայացուցչական գործառույթներով: Իրական իշխանությունը կենտրոնացած է վարչապետի ձեռքում: Երկրի 66-ամյա պատմության մեջ 10-րդ նախագահը դառնալու համար թեկնածուն պետք է ստանա պատգամավորների մեծամասնության հավանությունը: Քվեարկությունը կանցնի գաղտնի:

Back to top button