Հունիսի 15- ին կվերագործարկվի Երեւան- Բաթում երկաթուղին. գները գրեթե չեն փոխվել


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Հունիսի 15-ին «Հարավկովկասյան երկաթուղում» կմեկնարկի Երևան- Բաթում երթուղով ամառային ուղևորափոխադրումների սեզոնը: Այն կիրականացվի «Արմենիա» ֆիրմային գնացքով՝ սկզբնական շրջանում բաղկացած տարբեր հարմարավետության 5 վագոնից՝ պլացկարտ, կուպե, բարձր հարմարավետության կուպե, ննջավագոն և վագոն-ռեստորան: Նախատեսվում է, որ ուղևորության տևողությունը ինչպես Երևանից Բաթում, այնպես էլ Բաթումից Երևան կկազմի է 15 ժամ 45 րոպե:
Ավանդաբար ամեն տարի հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ը «Հարավկովկասյան երկաթուղում» գործում է Երևան– Բաթում միջազգային երթուղին, որի շնորհիվ շատ հայաստանցիներ մեկնում են ամառային հանգստի Սև ծովի ափ: Իսկ երկաթուղայինների համար սա աշխատանքի լարված ժամանակաշրջան է, որին պատրաստվում են դեռ տարեսկզբից, այսօր փաստեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը։ «Ամառային ուղևորափոխադրումները իրադարձություն են, որին մենք պատրաստվում ենք, ոչ միայն նայելով օրացույցին, թե երբ կգա հունիսի 15-ը»։
«Արմենիա» ֆիրմային գնացքի շարժակազմը լիովին պատրաստ է սպասարկել ուղևորներին, հայտնեց ընկերության ղեկավարը: Ըստ նրա՝ տոմսերի գները վերջին երեք տարվա ընթացքում գրեթե չեն փոխվել: Կախված հարմարավետության աստիճանից Երևանից Բաթում ուղևորությունը արժե 11 հազար 120 դրամից՝պլացկարտի վերևի տեղում, մինչև 26 հազար 650 դրամ ՝ ննջավագոնում:
Վիկտոր Ռեբեցը խորհուրդ տվեց լրագրողներիս օգտվել ննջավագոնի հարմարավետ համալիր ծառայություններից, իհարկե՝ մեր հաշվին: Ի դեպ՝ գործող ավտոմատացված համակարգի շնորհիվ մեկ տոմսի ձևակեպման համար պահանջվում է 2 րոպե: Բացի դրանից՝ արդեն 3-րդ տարին գործում է տոմսերի առցանց վաճառքի համակարգը ՝ ukzhd.am կայքում: «Այս տարի, թեպետ, ուղևորափոխադրումները դեռ չեն մեկնարկել, տոմսերի առցանց վաճառքի ծավալները մի քանի անգամ աճել են: Կարծում եմ՝ դա հնարավոր եղավ տոմսերի հետընդունման և գումարի ետ ստանալու հնարավորության ընձեռելուց հետո»։
Ի դեպ՝ տոմսարկղում հնարավոր է գնել և ռուսաստանյան երկաթուղու անհրաժեշտ ուղղություններով տոմսեր: Սակայն դեռ ուղիղ երկաթուղային հաղորդակցություն ապահովումը անհնար է ՝ աբխազական երկաթուղու 50 կիլոմետրանոց հատվածի անմխիթար վիճակի պատճառով։ «Երկաթուղային ենթակառուցվածքի այն հատվածը, որը գտնվում է Աբխազիայում, դեռ փակ է և անհասանելի երկաթուղային փոխադրումների տեսանկյունից: Խնդրի լուծումը գտնվում է քաղաքական հարթությունում: Համապատասխան որոշումների առկայության պարագայում մենք լիովին պատրաստ կլինենք ապահովել անմիջական երկաթուղային հաղորդակցությունը Ռուսաստանի ցանկացած կետ՝ այս հատվածի միջոցով»։
Վիկտոր Ռեբեցը անդրադարձավ ևաեւ Գյումրի-Կարս երկաթգթի վիճակին և վերագործարկման հավանակությանը։ «Այդ հատվածի շահագործումը դադարեցվեց 1993 թվականին թուրքական կողմի նախաձեռնությամբ: Սահմանը փակ է, դիվանագիտական հարաբերություններ չկան: Իսկ մեր կողմից ենթակառուցվածքը տեխնիկապես պատրաստ է վերագործարկման հենց այսօր»։
Այս պարագայում ևս հարցի լուծումը գտնվում է քաղաքական հարթությունում: