Հասարակություն

Հայրենիքից արտագաղթում են խռովածի զգացողությամբ

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայաստանից մարդիկ ավելի շատ արտագաղթում են խռոված լինելու զգացողությամբ, այլ ոչ թե հացի խնդիր լուծելու համար,ասում է հոգեբան Կարինե Նալչաջյանը: Իսկ երբ մարդիկ խռոված հոգով են արտագաղթում՝ ավելի վտանգավոր է դառնում, քանի որ կենսակերպը լավացնելու նպատակով արտագաղթած մարդու ուշքն ու միտքը միշտ հայրենիքում է, սակայն, երբ մարդ հայրենիքից հեռանում է հիասթափված, հուսահատված, անարդարություններից դրդված, ապա վերադառնալու հնարավորությունները չնչին են։

Վայոց ձորի մարզի Ազատեկ համայնքի բնակիչ Սեդա Ենոքյանի ընտանիքի առողջ և աշխատունակ անդամները մեկնել են արտագնա աշխատանքի։ Տիկին Սեդան «Ռադիոլուրին» պատմում է, որ եթե իր տղաները մնային Հայաստանում, հատկապես իրենց գյուղում, ապա չէին կարող նորմալ գումար վաստակել, ուր մնաց պարտքերը, վարկերի ու ապառիկները փակելուն։

Նախորդ տարվա ընթացքում Հայաստանից արտագաղթել է 42 հազար մարդ։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2013թ. ՀՀ-ից հեռացել է 1 մլն 494 հազար 86 և վերադարձել 1 մլն 452 հազար 85 ՀՀ քաղաքացի։ Երբ տվյալները դիտարկում ենք ըստ սահմանային անցակետերի՝ վերջին տարիներին մարդիկ հեռանում են հիմնականում Բագրատաշենի կամ Բավրայի անցակետերով՝ ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով, քանի որ այդպես էժան է և հարմար՝ ընտանիքներով այլ երկրներ տեղափոխվելու համար։

2013թ. Բագրատաշենի անցակետով արտագաղթել է 39 հազար 726 ՀՀ քաղաքացի, 2012թ. այդ թիվը կազմել էր 21 հազար 144։ Կտրուկ ավելացել է նաև Բավրայի անցակետով հեռացածների թիվը. 2012թ. 8 հազար 288 ՀՀ քաղաքացու փոխարեն նախորդ տարի մեկնել ու չի վերադարձել 13 հազար հոգի։

Հոգեբան Կարինե Նալչաջյանն ասում է, որ Հայաստանից մարդիկ ավելի շատ արտագաղթում են խռոված լինելու զգացողությամբ, այլ ոչ թե հացի խնդիր լուծելու: Ըստ նրա՝ կենսակերպը լավացնելու նպատակով արտագաղթած մարդու ուշքն ու միտքը միշտ հայրենիքում է լինում եւ հնարավորության դեպքում նրանք նույնիսկ վերադառնում են, սակայն, երբ մարդ հայրենիքից հեռանում է հիասթափված, հուսահատված, անարդարություններից դրդված, վերադառնալու շանսերը չնչին են։

Ետվերադարձի միգրացիան խթանելու, ինչպես նաև արտագաղթի ուղղությամբ խորհրդատվական բնույթի ծառայություններ մատուցելու համար այս տարվա հունվարից կառավարության քառամյա հայեցակարգի շրջանակներում մեկնարկել է ԵՄ «Աջակցություն շրջանակաձև միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» 3 տարի տևողությամբ և մեկ միլիոն եվրո արժողությամբ ծրագիրը, որն իրականացվում է չեխական «People in Need» կազմակերպության միջոցով: Ըստ ծրագրի՝ Հայաստանի չորս՝ Արմավիր, Սյունիք, Վայոց ձոր և Արարատ մարզերի Զբաղվածության պետական ծառայություն կենտրոններին կից բացվել են Միգրացիոն ռեսուրս-կենտրոններ, որոնց նպատակն է Հայաստանից մեկնել ցանկացողներին իրազեկել իրենց իրավունքների մասին, ինչպես նաև վերադառնալու դեպքում՝ օգնել նրանց, որ վերաինտեգրվեն հասարակությանը:

Ազատեկ գյուղի մեկ այլ բնակիչ Սիրվարադ Ղազարայանն աում է, որ եթե մեկ անգամ հայրենիքից դուրս ես գալիս, ապա վերադառնալն անհավանական է թվում։ Այդպես էլ իրենց գյուղը գնալով դատարկվում է։ «Ես 5 տղա ունեմ, որից 4 –ը Հայաստանում չեն ապրու։ Մի մասը գնացել է մենակ, մյուսները՝ ընտանիքի հետ»,- ասում է։

Ազատեկցիները «Ռադիլուրի» հետ զրուցում նշում էին, որ արտագաղթի տեմպերի կասեցման առումով անգամ հույս չունեն նոր ձևավորված կառավարությունից։

Հոգեբան Կարինե Նալչաջյանն ասում է, որ արտագաղթի մասին շատ խոսելն ավելի շատ է նպաստում մարդկանց արտահոսքին, քանի որ խուճապի զգացողություն է լինում եւ մարդը մտածում է` նա գնաց՝ ես մնացի։ «Պետք չէ հուզական տոներով, վարակիչ տոներով ներկայացնել խնդիրը, բայց, իհարկե, այդ խնդիրը բարձրացնել է պետք, դրա մասին խոսել է պետք»։

Back to top button