Տնտեսական

Հայկական չրերից մինչեւ անշարժ գույք.լիտվացի գործարարներին մեր երկրում գրեթե ամեն ինչ է հետաքրքրում

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հայաստանի գործատուների հանարպետական միության նախաձեռնությամբ հունիսի 9-13 մեր երկրում են լինելու Լատվիայից ժամանած մի խումբ գործարարներ: Երևանում այսօր անցկացվել է հայ-լատվիական գործարար խորհրդի երրորդ նիստը: Ռադիոլուր-ի հետ զրույցում Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը վստահեցրել է, որ լատվիացի գործարարները հետաքրքրված են գրեթե բոլոր ոլորտներով՝ տրանսպորտ, անշարժ գույք, բանկային համակարգ ու ոչ միայն:

Հայկական չրեր, թեյեր գինիներ, մրգային օղիներ, մեղվաթույնի վրա ստեղծված բուժիչ նյութեր, նաև շինարարություն, տրանսպորտ, անշարժ գույք, բանկային ոլորտ ու հատկապես փոքր ու միջին բիզնեսի վարկավորում: Լատվիայից Հայաստան ժամանած գործարարներին մեր երկրում գրեթե ամեն ինչ է հետաքրքրում: Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը շատ փոքր է, գրեթե 2,5 մլն դոլար, իսկ ավելի հստակ ու Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի ձևակերպմամբ. «Ցավոք, մեր երկու երկրները իրար առանձապես լավ չեն ճանաչում»:

Հենց այս կառույցի նախաձեռնությամբ ու ջանքերով երկու տարի առաջ ձևավորվեց հայ-լատվիական գործարար խորհուրդը: Երկու նիստ Լատվիայում են անցկացրել, երրորդ նիստն այսօր էր՝ Երևանում: Լատվիացի գործարարները Հայաստանում կլինեն մինչև հունիսի 13-ը: Հայաստանի, իսկ ավելի կոնկրետ Հայաստանի գործատուների հանրապետական միության ու հատկապես միության նախագահ Գագիկ Մակարյանի ջանքերով, Սանկտ Պետերբուրգում բնակվող հայ գործարարները պատրաստ են նրանցից ապրանք գնել , սակայն, բացառիկ պայմաններով.«Օրինակ իրենք «շպռոտ» ձուկն էին ցանկանում ներմուծել, բայց , եթե իրենց բացառիկ իրավունք տրվի, որովհետև այնտեղ «շպռոտ» վաճառողներ արդեն կան: Ցանկանում էին նաև լատվիական խմիչք ներմուծել»:

Լատվիացի գործարարները հետաքրքրված են նաև տրանսպորտային ոլորտով: Այսպես ասենք, հարաբերությունների պաշտոնականությունն ավելի ամրապնդվեց ստորագրված հերթական համաձայնագրով: ՀՀ տրասպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելքոնյան. «Փոխանակում ենք հիսուն հատ մուտք, ելք, տրանզիտ և դեպի երրորդ երկիր ու դեպի երրորդ երկրից իրականացվող բեռնափոխադրումների թույլտվություն Լատվիայի հետ, որը հնարավորություն է ստեղծում հայկական փոխադրողներին և փոխադարձաբար իրենց պետության փոխադրողներին անարգել մուտք գործել պետության տարածք, տրանզիտ անցնել և երրորդ երկիր կամ դեպի երրորդ երկիր, իրականացնել բեռնափոխադրումներ»:

Ինչպես արդեն նշեցինք, լատվիացի գործարարները նաև հետաքրքրված են մեղվաթույնի վրա ստեղծված բուժիչ նյութերով: ՀՀ մեղվաբույծների ազգային միության նախագահ Թելման Նազարյանը վստահեցնում է, որ կարող են ցանկացած քանակությամբ պատվերներ ընդունել ու կատարել: Նազարյանը նաև ծանոթ է Լատվիայի մեղվաբուծության ավանդույթներին:

Բոլոր ուղղությունների զարգացման հիմնական նպատակը մեկն է՝ աշխուժացնել Հայաստանի տնտեսական կյանքը, ավելացնել ներդրումները, որոնք շարունակում են նվազել: Ո՞րն է երաշխիքը, որ օտարերկյա ներդրողները Հայաստանում չեն ձախողվի կամ էլ որոշ գործարարներ, մեղմ ասած, նրանց համար խնդիրներ չեն ստեղծի: Շեշտելով, որ մեր երկրի բիզնես միջավայրը ռիսկային գոտում է գտնվում, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը հիշեցնում է ընդհանրապես բիզնեսի առանձնահատկություններից մեկի մասին. «Եթե նույնիսկ կա բարձր ռիսկ, բայց կա բարձր շահութաբերություն, ապա բիզնեսը այդ տեղը գնում է»:

Back to top button