

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Խորհրդարանական ոչ իշխանական ուժերն այսօր հրապարակել են այն համատեղ հայտարարությունը, որի մասին խոսում էին վերջին երկու շաբաթների ընթացքում: Քառյակն իր հայտարարությունը հասցեագրում է իշխանություններին ու մի շարք խնդիրների լուծում պահանջում, իսկ որպես պահանջների կատարման վերջնաժամկետ նշում սեպտեմբեր ամիսը: Ինչպես քառյակի ուժերն են նշել, աշնանը ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը , «Ժառանգությունն» ու ԲՀԿ-ն համապետական հանրահավաք կհրավիրեն ու կամփոփեն, թե ինչ լուծում են ստացել իրենց առաջադրած խնդիրները։ Ինչ վերաբերում է պահանջներին, ապա դրանք, ըստ հայտարարության հեղինակների, այն հարցեր են, որոնք հրատապ լուծում են պահանջում և որոնցով պայմանավորված է քաղաքացու բարեկեցությունը: Հայտարարությունը, ի դեպ, 4 խմբակցությունների ներկայացուցիչները ստորագրել են հենց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Տեքստի տակ իրենց ստորագրուրթյուններ են դրել ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը, ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը, «Ժառանգություն»-ից Ռուբեն Հակոբյանը և ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը:
ԱԺ «քառյակը» գաղտնազերծեց պահանջագիրը
Խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերն այսօր վերջապես հրապարակեցին համատեղ մշակված այն փաստաթուղթը, որը 12 պահանջ է ներառում, հասցեագրվում է իշխանություններին, իսկ նշված խնդիրների լուծման համար որպես վերջնաժամկետ սահմանվում է սեպտեմբեր ամիսը: Քառյակի ուժերը խոստանում են աշնանը, Ազատության հրապարակում համապետական հանրահավաք հրավիրել , ամփոփել իրենց պահանջների կատարումն ու ըստ դրա որոշել հետագա անելիքը։
Համատեղ հայտարարության ստորագրումը ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը մեծ հաջողություն ու դժվարին աշխատանքի արդյունք է համարում, ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը՝ նվազագույն քայլերի ուղեցույց իշխանությունների համար, ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանն էլ ՝ քաղաքական մշակույթի նոր մակարդակ:
Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ այս կառավարությունը ականջալուր է լինելու հանրությանը, ոչ իշխանական ուժերը հուշում են, թե ինչին ականջալուր պետք է լինի կառավարությունը, ասում է Արմեն Ռուստամյանը: Նարիրա Զոհրաբյանն էլ նշում է, որ սրանք հենց այն հարցերն են, որոնց լուծումն ուղիղ համեմատական է քաղաքացու բարեկեցությանը: «Քառյակի հայտարարության մեջ մենք փորձել են ամրագրել այն հիմնական, լրջագույն խնդիրները, որոնք այսօր ծառացած են երկրի առջև և որոնց լուծումը կնպաստի ՀՀ քաղաքացու վիճակի բարելավմանը»։
Իսկ խնդիրները, որոնք հրատապ լուծում են պահանջում, 12-ն են՝ թեմատիկ լայն ընդգրկումով՝ կուտակային կենսաթոշակայինից մինչև գյուղատնտեսություն, Որոտանի ՀԷԿ-ի վաճառք ու Ընտրական օրենսգիրք։ Քառյակը, մասնավորապես, պահանջում է հրաժարվել պարտադիր կուտակային բաղադրիչից, վերացնել տեսանկարահանող սարքերը և «կարմիր գծերը», բացառել տրանսպորտի սակագնի բարձրացումը, առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափերը: Նաև` հաջորդ ընտրություններն անցկացնել բացառապես 100 տոկոս համամասնական ընտրակարգով, քվեարկությունից հետո հրապարակել ընտրողների կողմից ստորագրված ընտրական ցուցակները, ապահովել ընդդիմության մասին օրենսդրական փաթեթի ընդունումը և այլն։
Միակ պահանջը, որ անուղղակիորեն վերաբերում է արտաքին քաղաքականության ոլորտին և առնչվում է Եվրասիական միության անդամակցության գործընթացին, տեղ է գտել հայտարարության 12-րդ հորիզոնականում, հետևյալ ձևակերպմամբ ՝ չստորագրել որևէ միջազգային համաձայնագիր, որով Հայաստանի և ԼՂՀ միջև կնախատեսվի հաստատված հարաբերությունների, ներառյալ միասնական տնտեսական ռեժիմի փոփոխություն։«Ժառանգությունից» Ռուբեն Հակովբյանը չհերքեց, որ ի սկզբանե արտաքին քաղաքականության ոլորտին անդրադառնալու նպատակ չի եղել և 12-րդ կետն ավելացել է Աստանայի հանդիպումից հետո։ Քառյակի ուժերը նաև ընդգծում են՝ հայտարարության մեջ տեղ են գտել միայն այն հարցերը, որոնց շուրջ ընդհանուր համաձայնություն կա։
Ինչո՞ւ է թանկանալու էլեկտրաէներգիան. Ռոբերտ Նազարյանի բացահայտումները
Քառյակի թեմայից դուրս մեկ այլ հրատապ խնդրի մասին. այսօր խորհրդարանում էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Նա ԱԺ էր եկել ԲՀԿ խմբակցության պատգամավորների պահանջով նրանց հետ հանդիպում ունենալու և էլեկտրաէներգիայի սակագինը մոտ 4 դրամով ավելացնելու մտադրության դրդապատճառները պարզաբանելու համար։ Որոշ պարզաբանումներ Ռոբերտ Նազարյանն արեց նաև լրագրողների հարցերին ի պատասխան: Ըստ նրա՝ թանկացման որոշումն անխուսափելի է։«Դատապարտված ենք բարձրացնել։ Մի փոքրիկ, թեկուզ 0.5%-ի հնարավորություն ունենալու դեպքում մենք այս քայլին չէինք գնա, մեզ համար էլ շատ դժվար է լսել լրատվամիջոցների արձագանքը, ժողովրդի վրդովմունքը։ Բայց մենք ունենք գործառույթների շրջանակ և պետք է ապահովենք հուսալի էլեկտրաէներգիա մեր ժողովրդի համար։ Եթե նման թանկացումները ստիպված չանենք՝ երկու-երեք տարի հետո մեզ կարող էիք լիարժեք մեղադրել, թե ինչու այդ կայունությունը չապահովեցիք և բերեցիք, հասցրեցիք այս վիճակին»,- ասում է։
Էլեկտրաէներգիայի գործող սակագինը մոտ 4 դրամով ավելացնելը, ըստ պաշտոնական հիմնավորումների, պայմանավորված է էլեկտրաէներգետիկ համակարգում 2014-2015թթ. ընթացքում նախնական գնահատմամբ սպասվող շուրջ 20 մլրդ դրամ ֆինանսական ճեղքվածքը փակելու անհրաժեշտությամբ։ Ըստ Ռոբերտ Նազարյանի ՝ ոլորտի ընկերություններն այսօր արդեն մեծ վնասներ ունեն, վարկային պարտավորություններ, որոնց սպասարկամն աղբյուրները չկան։
Ինչ վերաբերում է սակագնի բարձրացման սոցիալական հետևանքներին, ապա, ըստ Ռոբերտ Նազարյանի հաշվարկի, «այս 4 դրամը ընտանիքների վրա տարեկան կտրվածքով մոտավորապես 8-9 հազար դրամի բեռ կառաջացնի»։ Հանձնաժողովի նախագահը կարծում է, որ էլեկտրաէներգիայի թանկացումից հետո կառավարությունն իր սոցիալական քաքաքականության մեջ պետք է փոփոխություններ կատարի և աջակցի սոցիալապես անապահով խավերին, իսկ որոշումն ընդունելու դեպքում, ասում է, նոր սակագինը կարող է ուժի մեջ մտնել օգոստոսի 1-ից։