Հասարակություն

ԵՊՀ 95 տարեկան է. հոբելյանական միջոցառումների մեկնարկը տրված է

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Այս տարի լրանում է ԵՊՀ 95 ամյակը: Հոբելյանական տարվա շրջանակներում հունիսի 10-ից 13-ը Մայր բուհում տեղի կունենան մի շարք միջոցառումներ: Տոնական միջոցառումների շրջանակներում կանցկացվեն գիտաժողովներ, ցուցահանդեսներ, հանդիպումներ, հանդիսավոր նիստ, պոեզիայի փառատոն, տոնական համերգ, մշակութային այլ միջոցառումներ: Հոբելյանական միջոցառումների վերջին օրը՝ հունիսի 13-ին, համալսարանականները հյուրերի հետ կայցելեն Հայաստանի պատմամշակութային մի շարք գեղատեսիլ վայրեր, ինչպես նաև Մատենադարան, Հայաստանի պատմության թանգարան, Հայաստանի ազգային պատկերասրահ, Փարաջանովի տուն-թանգարան, Մեծ եղեռնի հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

Մայր բուհի համար տարին հոբելյանական է: ԵՊՀ-ն արդեն 95 տարեկան է: Հոբելյանական տարին մեկնարկել է մայիսի 16-ին Գյումրիում: Դա այն օրն էր, երբ 1919 թվականին նախարարների խորհուրդը որոշում ընդունեց հիմնել Երևանի պետական համալսարան: Հոբելյանական միջոցառումներն էլ պատահական չէ, որ մեկնարկեցին հենց Գյումրիում: 95 տարի առաջ ԵՊՀ պաշտոնական բացումը տեղի է ունեցել Ալեքսանդրապոլի առևտրային դպրոցի շենքում: Հոբելյանական միջոցառումներ եղել են նաև Գավառում, Գորիսում, Իջևանում, Վանաձորում, Ստեփանակերտում: Հոբելյանական տարվա շրջանակներում հունիսի 10-ից 13-ն էլ միջոցառումներ կանցկացվեն Մայր Բուհում: Միջացառումների պաշտոնական մասը մեկնարկեց այսօր արտասահմանյան մի շարք բուհերի ներկայացուցիչների մասնակցությամբ «Կանայք, առաջնորդությունը և հասարակությունը» խորագրով գիտաժողով:

Տղամարդկանց և կանանց հավասար հնարավորությունների համար ընդհանուր պայքարի համատեքստում Կենտրոնն իրականացնում է Գենդերային հիմնախնդիրենրի նկատմամբ հասարակության իրազեկման բարձրացմանն ուղղված գործողություններ հատկապես ուսանողների շրջանում: Ներկայացնելով համաժողովի կարևորությունը ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի տնօրեն Գոհար Շահնազարյանը Ռադիոլուրի հետ զրույցում նշեց, որ Կանանց առաջնորդության խմնդիրը լուրջ խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:

95 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ԵՊՀ տարածքում այսօր կազմակերպվեց նաև ԵՊՀ-ի հրատարակած գրքերի ցուցադրություն-տոնավաճառ, որի ընթացքում ներկայացվեցին ԵՊՀ և այլ հրատարակչությունների գրքերը, ինչպես նաև Մայր բուհի մասին մի շարք աշխատություններ: ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրտատության վարչության պետ Կարեն Գրիգորյանի տեղեկացմամբ նմանատիպ ցուցադրություն համալսարանում կազմակերպվում է առաջին անգամ

Կարեն Գրիգորյանի տեղեկացմամբ`հոբելյանական միջոցառումները կամփոփվեն աշնանը: Հիշեցնենք, որ նախորդ դարասկզբի 20-ական թթ-ին համալսարանը գործում էր Աստաֆյան փողոցում գտնվող ուսուցչական սեմինարիայի` սև տուֆով կառուցված երկհարկանի շենքի առաջին հարկում: 1960-1990-ական թվականները համալսարանի համար դարձան զարգացման տարիներ. կազմավորվեցին նոր ֆակուլտետներ, ստեղծվեցին գիտական նոր լաբորատորիաներ, հիմնվեց հայագիտական կենտրոն, աշխուժացավ հրատարակչական գործը: Մինչ օրս Երեւանի պետհամալսարանը տվել է շուրջ 90 հազար շրջանավարտ եւ Հայաստանի բազմաթիվ պետական եւ ոչ պետական ԲՈՒՀ-երի կողքին շարունակում է լինել առաջատար կրթօջախներից մեկը:

Back to top button